Հայաստանի հատուկ Հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց այն աշխատանքները, որոնք պետությունն անում է Հայաստանն Արցախին կապող ճանապարհի վերաբացման համար:
Մարուքյանի խոսքով՝ աշխատանք է կատարվում ներկայացնելու և Ադրբեջանի նկատմամբ ճնշում ձևավորելու առ այն, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները խախտվում են, և դրանք պետք է կատարվեն, մասնավորապես, Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքի բնականոն և անվտանգ աշխատանքը:
«Արձագանքները հենց այնպես չեն եղել. դրանք աշխատանքի արդյունք են: Գիտեք, որ ԱԳ նախարարը Նյու Յորքում ՄԱԿ-ի ԱԽ-ում կազմակերպված միջոցառմանն է, որտեղ բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունենում, և իրավիճակը ներկայացվում է»,- ասաց Մարուքյանը:
Անդրադառնալով Արցախի Կաշենի հանքավայրում ստուգումներ անցկացնելու ադրբեջանական կողմի ցանկությանը՝ Էդմոն Մարուքյանը նշեց՝ Ադրբեջանը չի ասում, որ հենց հիմա որպես Ադրբեջանի իշխանություն են ուզում այդ մոնիթորինգն անել, իրենք ասում են, թե բնապահպաններն են ուզում դա անել:
«Գիտեք, որ նախկինում այցելություն է եղել Սարսանգի ջրամբար, որևէ նման միջադեպ չի արձանագրվել, Լաչինի միջանցքը չեն փակել, որովհետև համագործակցել են Արցախի իշխանությունների հետ»,- ասաց նա:
Մարուքյանի խոսքով՝ Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրության կողմից արդեն արծարծված միջազգային մեխանիզմի ստեղծումը կլինի խոսակցության հնարավորություն Բաքվի և Ստեփանակերտի միջև:
«Միջազգային մեխանիզմի կարևորությունը, որը վաշինգտոնյան պայմանավորվածություն է, որից Ադրբեջանը հրաժարվում է, հենց սրանում է: Եթե մեխանիզմը ստեղծված լինի, այդ քննարկումը տեղի կունենա»,- ասաց հատուկ հանձնարարություններով դեսպանը:
Նա նշեց, որ այն անգլիական ընկերությունը, որն Ադրբեջանում ստացել է հանքի շահագործման արտոնագիր, արդեն դիմել է դատարան:
«Եթե դու իրավական ճանապարհով ուզում ես խնդիր լուծել, հիմա ճանապարհ փակելը, հումանիտար ճգնաժամ առաջացնելը, գազն անջատելը որքանո՞վ են ադեկվատ քայլեր՝ ներկայացված իրենց այդ հանքի և էկոլոգիայի սոուսի ներքո»,- ասաց Մարուքյանը:
Անդրադառնալով Լաչինի միջանցքի հետ կապված ռուսական կողմից սպասվող հայտարարությանը՝ Էդմոն Մարուքյանը նշեց. «Մենք ակնկալում ենք, որ նաև ՌԴ-ն քաղաքական գնահատական կտա տեղի ունեցող գործընթացներին և նաև Լաչինի միջանցքի անարգել շարժը կապահովի: Մենք գիտենք, որ ռուսական խաղաղապահ ուժերից կա տեղեկատվություն, որ բանակցություններ են ընթանում, հույս ունեմ, որ բանակցություններն արդյունք կտան, և միջանցքը կբացվի, որովհետև դրա այլընտրանքն արդեն բազմաթիվ հայտարարություններում արձանագրված էթնիկ զտման և այլ ցեղասպանական քաղաքականության իրագործումն է, որը որևէ պարագայում չպետք է թույլ տանք ո՛չ մենք, ո՛չ միջազգային հանրությունը»:
Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների կողմից ուժ կիրառելու իրավունքին, Մարուքյանը նշեց, որ մեկ անգամ ճանապարհը բացելը հարցի լուծում չէ, քանի որ խնդիրը երկարատև լուծման կարիք ունի:
«Այսօր բացեն, վաղը կարող են նորից փակել մեկ այլ պատրվակով, դրա համար մենք միջազգային հանրության հետ մեր աշխատանքներում տանում ենք այն գիծը, որ խնդիրը երկարաժամկետ լուծման կարիք ունի, այլապես այս խնդիրները շարունակվելու են, և միջազգային մեխանիզմը ԼՂ ներկայացուցիչների և Ադրբեջանի ներկայացուցիչների բանակցությունների, շփման, խնդիրների լուծման, միմյանց առջև հարցերի բարձրացման համար այլընտրանք չունի»,- ասաց նա: