Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած գրավոր պարտավորությունների քրոնիկ խախտումները միջազգային պատշաճ գնահատականի արժանացնելը մեր հիմնական հավաքական աշխատանքը պետք է լինի: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր դիվանագիտական ծառայությունը, բոլոր գերատեսչությունների արտաքին կապերով զբաղվող ստորաբաժանումները, խորհրդարանական դիվանագիտությունը, կառավարող ուժը, ընդդիմությունը, հասարակական կազմակերպությունները, Սփյուռքի ներկայացուցիչները, արտաքին կապեր ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, սոցիալական ցանցի օգտատերերը պետք է իրենց լուման ներդնեն այս գործում՝ ի ցույց դնելու, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի եռակողմ հայտարարության պարբերական խախտումները նախևառաջ ԼՂ-ին ցեղասպանության կամ հայրենազրկման ենթարկելու նպատակ ունեն»,- նշեց Փաշինյանը:
«Ադրբեջանը շարունակաբար վարում է «ԼՂ-ն առանց հայերի» քաղաքականություն, և մենք ամեն ինչ պիտի անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց բոլոր այն երկրներին, միջազգային կազմակերպություններին, որոնք արդեն իսկ գնահատական են տվել Լաչինի միջանցքը փակելու և ԼՂ-ում հումանիտար աղետ հարուցելու Ադրբեջանի քաղաքականությանը:
«Առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունն այս առումով»,- նշեց ՀՀ վարչապետը: