Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության միջև դրամաշնորհի հատկացման պայմանագիր է ստորագրվել: Այս մասին հայտնում են ՇՄ նախարարությունից:
Պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա էին շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր և գլխավոր տնօրեն Անտրէ Գումուշճեանը, հրավիրված այլ հյուրեր։
Այս տարվա սկզբին Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը հայտարարել էր Մարդկային Անվտանգության Grassroots դրամաշնորհային ծրագիր (GGP) մինչև 10.000.000 ճապոնական իենի չափով։
«Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունը մասնակցել է մրցույթին ու շահել դրամաշնորհ 35.515.903 դրամի չափով։
Ողջունելով գործընկերներին՝ նախարարի տեղակալն անդրադարձել է կանաչ օրակարգին և Հայաստանում անտառապատ տարածքների ավելացման կառավարության ծրագրին և հույս հայտնել, որ Կառավարության առաջնահերթությունները կիսող այս ծրագիրն ի վերջո կծառայի իր նպատակին։
Դեսպան Մասանորի Ֆուկուշիման իր հերթին հույս է հայտնել, որ այս ծրագրի շնորհիվ կբարելավվի տնկիների որակը, որը չափազանց կարևոր է ծառատնկման աշխատանքների համար։ Դեսպանն իր վստահությունն է հայտնել, որ այս օժանդակությունը բարձրացնելու է տարածաշրջանի բնակիչների կյանքի որակը։
Լոռու մարզում անտառվերականգնման համար ջերմոցի կառուցման և հակակարկտային ցանցի ստեղծման ծրագրի շրջանակում «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպությունը կառուցելու է 506 քմ տարածքով անտառային տնկիների ջերմոց Գուգարքում գործող կազմակերպության տնկարանի տարածքում, ինչպես նաև տեղադրելու է հակակարկտային ցանց նույն տնկարանի 6600 քմ տարածքի վրա։
«Իմ անտառ Հայաստան» կազմակերպությունը ստեղծվել է 2019 թվականին՝ նպատակ ունենալով ավելացնել Հայաստանի անտառածածկույթը և նպաստել անտառների պահպանմանը։