Հոկտեմբերին տրանսֆերտների նոր ռեկորդ է սահմանվել: Տարվա 10-րդ ամսին ֆիզիկական անձինք արտերկրից բանկերի միջոցով ստացել են 618 մլն դոլար: Հունվար-հոկտեմբերի կտրվածքով հատվել է 4 մլրդ դոլարի (4 մլրդ 79 մլն դոլար) սահմանը: Գումարի 68.6 տոկոսը Ռուսաստանից է, 13.5 տոկոսը՝ ԱՄՆ-ից, մնացածը՝ այլ երկրներից:
Մերի Հովսեփյան (տնտեսագետ) - Այս աճը պայմանավորված է ոչ թե Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների կողմից իրականացված փոխանցումներով, այլ ընդհանուր փոխանցումների տեմպը ավելացել է, և այն պայմանավորված է հենց ռուս-ուկրաինական հակամարտությամբ սրված Հայաստանում միջազգային այցելուների ակտիվ մասնակցությամբ:
Ընդհանուր առմամբ, տրանսֆերտների ներկայիս հոսքը գերազանցում է նախորդ տարիների՝ անգամ 12 ամսվա կտրվածքով արձանագրված ցուցանիշը: Օրինակ՝ նախորդ տարի 2 մլրդ 108 մլն դոլար է կազմել ներհոսքը, այսինքն` արդեն գրեթե կրկնակի գերազանցվել է այս ցուցանիշը:
Մերի Հովսեփյան - Ռուսաստանցիները ոչ միայն տեղափոխվել են Հայաստան, այլ նաև իրենց հետ տեղափոխել են կապիտալը և Հայաստանում գտնում են իրենց տնտեսական հետաքրքրությունները, Հայաստանը համարում են իրենց հետաքրքրությունների կենտրոն: Այս առումով նրանք թե՛ ակտիվ մասնակցություն ունեն գործարար միջավայրի ձևավորմանը` ներկա փուլում, թե՛ պարզապես բնակվելով Հայաստանում` իրականացնում են որոշակի ծախսեր, որոնք արդեն շղթայական ռեակցիայով նաև տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանն են նպաստում:
Ռեստորանները, խանութները, հյուրատները հավելյալ եկամուտը ստանում են, մնում է փորձել այնպես անել, որ Հայաստան մտած գումարները ներդրվեն բիզնեսի մեջ: Սակայն, ըստ Մերի Հովսեփյանի՝ փոխանցումը ներդրում դարձնելու համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ: Մինչև տարեվերջ առկա տեմպերը դեռ կպահպանվեն՝ նշում է մասնագետը:
Մերի Հովսեփյան - Այս հոսքերը կարող են լինել այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտությունը շարունակվում է, և նպատակն ու ամբողջ քաղաքականությունը պետք է միտված լինեն նրան, որ կարճաժամկետ հոսքերը վերածվեն երկարաժամկետ հոսքերի, ապա արդեն՝ ներդրումների ու անմիջապես գեներացվեն մեր տնտեսությունում:
Նշենք, որ հունվար-հոկտեմբերին գումարի մեծ ներհոսքին զուգահեռ՝ Հայաստանից արտահոսքը կազմել է 2 մլրդ 23 մլն դոլար:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան