ՏՏ ոլորտին պետական աջակցության օրենքը կգործի ևս մեկ տարի: Աջակցության այս փաթեթով նորաստեղծ ընկերությունները հարկային արտոնություններ են ստանում՝ ազատվում շահութահարկից, եկամտահարկ վճարում 10 տոկոս: Օրենքն ընդունվել էր դեռ 2015-ին, վերջնաժամկետն այս տարեվերջն էր:
Ռոբերտ Խաչատրյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար) - Դա մեր ֆունդամենտալ աջակցման ծրագիրն է, որը տրամադրվում է հիմնականում ստարտափ ընկերություններին, այսինքն՝ ընկերությունների աշխատակիցների քանակը պետք է 30 հոգուց ավելի չլինի: Դրա համար մենք գնահատում ենք, որ հիմնականում նորաստեղծ ստարտափ ընկերություններն են դառնում այդ օրենքի շահառուները կամ հնարավորություն են ունենում այդ օրենքից օգտվել:
Ցանկություն կար ընդլայնել օրենքը՝ ասում է Խաչատրյանը, վերանայել ընկերություններում աշխատակիցների քանակի շեմը, օրինակ՝ մինչև 50 հոգանոց անձնակազմ, ՏՏ ընկերություններից բացի ներառել նաև բարձր տեխնոլոգիական ընկերությունները:
Ռոբերտ Խաչատրյան - Ցավոք, չհաջողվեց մինչև տարվա վերջ մեր մյուս գործընկերների հետ գալ համաձայնության, բայց քանի որ ոլորտը առանցքային ա ու գերակա է համարվում, լուծումներից մեկը գտանք, որ ընդամենը 1 տարով գոնե երկարացնենք գործողը և լրացուցիչ ժամանակ ունենանք քննարկումները շարունակելու համար, և ինչպես նախկինում ներկայացրել էի, մեր պատկերացրած փոփոխություններն ու լրացումները կատարենք այս օրենքի մեջ:
Նախարարի խոսքով՝ նոր լրացումները ցանկանում են կատարել մինչև հաջորդ տարեվերջ: Գործող օրենքի ժամկետները վերանայեցին, որովհետև աջակցության ծրագրի վերաբերյալ ԱյԹի համայնքից դրական արձագանքը մեծ էր՝ պնդում է նախարարը:
Օրենքի գործարկումից՝ 2015-ից մինչև 2022 նոյեմբերի 29-ը, տրամադրվել է 2440 հարկային արտոնություն ստանալու հավաստագիր, որից 1366-ը՝ միայն այս տարվա ընթացքում: Դրանից 1279-ը օտարերկրյա հիմնադիրներ ունեցող ընկերություններն են:
Նախարար Խաչատրյանն անդրադառնում է նաև քննադատություններին, թե ՏՏ ոլորտը, լինելով բարձր վարձատրվող, տարիներ շարունակ օգտվում է աջակցությունից, իսկ շատ այլ ոլորտներ դուրս են մնում այդ շրջանակից:
Ռոբերտ Խաչատրյան - Ամենակարևորը նա է, որ մենք ուզում ենք Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական երկիր, և քանի որ ՏՏ ոլորտը մեզ համար համարվում ա գերակա ոլորտ, հիմնական պատճառը դա է աջակցության, և մենք տեսնում ենք, որ տրամադրված աջակցությունները հասնում են իրենց նպատակին:
Նախարարության տվյալների համաձայն՝ ոլորտում առկա 7000 ընկերություններից 5600-ից ավելին գործող են, մյուս 1400-ն այս պահին որևէ գործունեություն չեն ծավալում: Տվյալները պարբերաբար փոփոխվում են՝ աճման միտումով: