Ծիրանի ու խնձորի խյուսի, տոմատի մածուկի հերթական խմբաքանակն ուղարկվում է Ռուսաստան: Ամառվա ընթացքում Արարատի պահածոների գործարանում պահեստավորված պտուղ-բանջարենը՝ պահածոյացված հայկական մուրաբաների ու հյութերի տեսքով ևս առաքվում է ոչ միայն ռուսական, այլև որոշ քանակությամբ էլ եվրոպական շուկա:
Արմեն Անդրեասյան (Ararat Canning Factory ընկերության տնօրեն) - Ծավալները այս տարի նախորդ տարվա հետ համեմատած երեք անգամ ավելացել են: Անցած տարի գումարային կարգով եղել է մոտ 60 միլիոնի, այս տարի՝ դարձել 180 միլիոնի:
Արտահանման ծավալները հնարավոր է եղել ավելացնել գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման շնորհիվ: Ըստ Էկոնոմիկայի նախարարություն ներկայացված ֆինանսական կառույցների հաշվետվությունների՝ միայն այս տարի հոկտեմբեր 31-ի դրությամբ վերամշակող ընկերություններին արդեն հաստատվել է 12.4 միլիարդ դրամի սուբսիդավորվող վարկ: 10 ամսվա տվյալով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանից 44.2 տոկոսով ավելի շատ ագրոպարենային արտադրանք է արտահանվել: Արտահանման ընդհանուր ծավալը կազմել է մոտ 983 միլիոն դոլար, նախորդ տարի 682 միլիոն էր: Այս ընկերությունում 2022-ին մթերել են 10 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, սակայն առանց սուբսիդավորման մի քանի անգամ քիչ կմթերեին:
Արմեն Անդրեասյան - Դժվար է կանխատեսում անել, մենք կմթերեինք այնքան, որքան կկարողանայինք գյուղացուն վճարելու: Իսկ մենք գյուղացիներին մեկ-երկու օրվա ընթացքում վճարել ենք, նույնիսկ պարտք չենք մնացել երեք-չորս օր:
Այս տարի պտուղ-բանջարեղեն վերամշակող ձեռնարկություններին նաև թույլատրվել է հումքի գնման վարկերով ձեռք բերել տարաներ: Որպեսզի հաջորդ տարիներին ևս կարողանան գյուղացուց մեծ ծավալով պտուղ-բանջարեղեն գնել.
Արմեն Անդրեասյան - Պետությունը սուբսիդավորել է 10 տոկոսի չափով, 3.1 տոկոսը գործարանն է ֆինանսավորել իր միջոցներից: 1 միլիարդ 170 միլիոն ենք վերցրել, որից 500 միլիոնը ուղղվել է հումքի ձեռքբերմանը, մնացածը՝ տարաների ձեռքբերման համար:
Բեռնափոխադրման գներն են ավելացել՝ ասում է ընկերության տնօրենն ու հայկական արտադրանքն արտերկրի շուկաներում ավելի մրցունակ դարձնելու համար առաջարկում հնարավորության դեպքում սուբսիդավորել նաև բեռնափոխադրման ծախսերը: