Դպրոցներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի ներկայացուցիչների հետ այսօր եղել է Գյումրու համար 41 հիմնական դպրոցում։
Վերանորոգվում է դպրոցի տանիքը՝ 3820 քմ ընդհանուր մակերեսով, հատկացված գումարը՝ 67 մլն դրամ:
«Դեռ սեպտեմբերյան խորհրդակցության ընթացքում տնօրեններին տեղեկացրել էի, որ Շիրակի մարզի մի շարք դպրոցների անհետաձգելի համարվող խնդիրներ պետական աջակցությամբ լուծում են ստանալու։ Հուրախություն մեզ՝ արձանագրենք, որ Շիրակի մարզից 21 դպրոցի մասով ունենք ֆինանսավորում, այն խնդիրները, որոնք համարվում են անհետաձգելի, կլուծվեն շատ արագ։ Համար 41 դպրոցում այսօր մենք ականատես եղանք, թե ինչպիսի վատ վիճակում է գտնվում տանիքը, և նման դպրոցների հարցը համարվել է անհետաձգելի: Հիմնականում շատ դպրոցներում դռներ, պատուհաններ կփոփոխվեն, սանհանգույցներ, տանիքներ կնորոգվեն։ Նշեմ, որ ընդհանուր Հայաստանով ներկայացված է եղել 91 դպրոցական ծրագիր, որից 21-ը Շիրակի մարզից են, գումարային առումով ամենամեծը Շիրակի մարզն է՝ 531 մլն դրամ։ Այս ծրագրերով Կառավարության ջանքերով փորձում ենք դպրոցների բեռը թեթևացնել, քանի որ 50-60 մլն դրամ արժողությամբ տանիքների փոփոխություն դպրոցները չեն կարողանում իրականացնել, հիմա հնարավորություն կունենան իրենց տնտեսած միջոցների հաշվին ներքին հարդարման, վերանորոգման աշխատանքներ իրականացնել։ Մեր մոտեցումը դպրոցների, մանկապարտեզների շինարարությանը շարունակում է մնալ, և քաղաքական կամքն ու հաստատակամությունը մեկն է՝ օր առաջ ապահովել ավելի բարվոք միջավայր մեր մարզի դպրոցների համար»,- լրագրողների հետ զրույցում նշել է մարզպետը։
Մարզպետը եղել է նաև Քեթիի միջնակարգ դպրոցում, այստեղ նույնպես տանիքն է նորոգվում, հատկացված է 54 մլն 840 հազար դրամ: Կթիթեղապատվի ողջ կտուրը՝ 1115 քառակուսի մետր։
Շինարարների հետ զրույցում մարզպետը ընդգծել է՝ եթե աշխատանքում հայտնաբերվեն թերացումներ՝ շինարարը չի վճարվի։