Ադրբեջանը հերթական անգամ խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ սադրանքի նախապատրաստման համար ստեղծելով քարոզչական կեղծ պատրվակներ. Ազգային ժողովը արտահերթ նիստում ընդունեց կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած՝ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարությունը:
Հայկ Կոնջորյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար) - Այս ծայրահեղ սադրիչ և պայթյունավտանգ գործողության հետևանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, ձմռան ցրտի պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում: Առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայություններից։ Խափանվել են պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները։ 120 հազար մարդ շրջափակման մեջ փաստացի հայտնվել է պատանդի կարգավիճակում:
Հայտարարության մեջ մանրամասն ներկայացված են Ադրբեջանի հակամարդկային գործողությունները, Լեռնային Ղարաբաղում բնական գազի մատակարարման դադարեցումը, պատգամավորները հիշեցնում են՝ Ադրբեջանը խողովակի վրա փականը տեղադրվել է մարտին՝ խողովակը պայթեցնելուց հետո: Իսկ այդ ամենի հետևանքով 22 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքից: Ընդգծված է՝ այս ամենը հերթական ապացույցն է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ որդեգրել է ցեղասպան քաղաքականություն։
Հայկ Կոնջորյան - Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ռուսաստանի Դաշնությանը կոչ ենք անում իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում:
Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն և հասցեական կերպով դատապարտել Ադրբեջանի գործողությունները և միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի ծավալումը կանխելու համար:
Նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին կոչ են անում փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ հումանիտար իրավիճակի մոնիթորինգի նպատակով:
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ ԷՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Այսպիսի բովանդակությամբ հայտարարությանը դեմ էր ընդդիմությունը: Ինչպես սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի՝ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ագրեսիվ գործողությունների ժամանակ, այնպես էլ հիմա իշխանական և ընդդիմադիր պատգամավորներին չհաջողվեց համաձայնության գալ և մեկ միասնական հայտարարության նախագիծ ներկայացնել: Մինչև դահլիճը լքելը «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների քարտուղարները շեշտեցին՝ ներկայացված հայտարարության նախագիծը իրենց համար անընդունելի է:
Արծվիկ Մինասյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար) - Այս հայտարարությունն ավելի լավ է չարվի, որովհետև սա ոչ միայն վնասում է Հայաստանին, այլև օգնում է թուրք-ադրբեջանական տանդեմին:
Տիգրան Աբրահամյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար) - Ձեր ներկայացրած օրակարգը համարժեք չէ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին:
Արդյոք եղե՞լ են դիտարկումներ հայտարարության որևէ կետի վերաբերյալ, կամ ի՞նչ հակասություններ են եղել ընդդիմադիրների և կառավարող ուժի ներկայացրած հայտարարությունների միջև՝ հարցերը «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները բարձրացրին: Խմբակցության քարտուղարը մանրամասնեց.
Հայկ Կոնջորյան - Ընդդիմությունը ներառում է ձևակերպումներ, որոնք չեն տեղավորվում պաշտոնական արտաքին քաղաքականությանը և կարող են վնասել, բայց նույն տրամաբանությամբ շարունակում են, և սա արդեն հեռու է պատահականություն լինելուց: Չի եղել որևէ առաջարկ կամ առարկություն որևէ թեզի շուրջ, ես խմբակցության անունից առաջարկել եմ, որ եթե ունեն հայտարարության մտքեր, առաջարկեցի զրոյից միասին գրենք, մեզ ասեն, աշխատենք միասին: Սեղանին մեր ընդդիմադիր գործընկերների Արցախի դրոշներն է, բայց էլի Արցախի հարցի քննարկմանը նրանք թողեցին ու հեռացան, և չկարողացանք միասնականություն ցուցաբերել:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԻՆ
Վերադառնալով հայտարարության բովանդակությանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջարկություններ ներկայացրեցին: Հայտարարեցին՝ կոչերի փոխարեն Ռուսաստանից պետք է պահանջել կատարել պարտականությունները, իսկ արևմտյան գործընկերներից՝ օգնություն խնդրել։
Վիգեն Խաչատրյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Եթե Ռուսաստանը չի կարողանում, պիտի խնդրի մյուսներին: Ինձ համար անհասկանալի է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի պահվածքը։ Թող վեր կենա, գնա Լաչին, իրենց պետությունն է խայտառակվում:
Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ադրբեջանցի պաշտոնյան ասում է, որ ռուսական խաղաղապահ ուժն է փակել միջանցքը, ռուսական խաղաղապահ ուժը դատապարտված է այն նորից բացելու:
ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Եվրամիությունն արդեն իսկ հասցեական հայտարարություն են արել՝ արձանագրեց Ազգային ժողովի նախագահը:
Ալեն Սիմոնյան(ՀՀ ԱԺ նախագահ) - Մեր ունեցած տեղեկություններով՝ նաև Ռուսաստանի Դաշնությունն է պատրաստվում նմանատիպ հայտարարություն անել, որին հայ ժողովուրդը իր դաշնակից երկրից վաղուց է սպասում: Հուսանք՝ այս անգամ մեր գործընկերները հուսախաբ չեն անի, և զավեշտ է՝ բնական գազը անջատելով ուզում են բնապահպանական հարցեր լուծել:
Ալեն Սիմոնյանն ընդգծեց՝ Հայաստանն ունի կարմիր գծեր, և այդպիսի գործողություններով չեն կարողանա Հայաստանին պարտադրել հատել այդ գծերը: Առանձնացրեց հայտարարության կարևոր շեշտադրումները:
Ալեն Սիմոնյան - Ադրբեջանը հաճախ հայտարարում է, որ Արցախի քաղաքացիները կարող են ունենալ այն իրավունքները, ինչ իրենց քաղաքացիները, դա ո՞րն է՝ պատանդի կարգավիճակում լինե՞լը, անջատված գա՞զը և ձմռան այս պայմաններում տաքանալու հնարավորություն չունենա՞լը։ Երկրորդ արձանագրումը, որ ցանկանում եմ անել, միջազգային դիտորդական մանդատի արձանագրումն է, սա ի ցույց է դնում, որ մենք լրջորեն պետք է զբաղվենք դրանով և զրուցենք մեր միջազգային գործընկերների հետ այդ մանդատի հարցով։ Անկախ նրանից՝ մենք բավարարվա՞ծ ենք խաղաղապահների մանդատից, թե ոչ, այս ամենը ցույց է տալիս, որ խաղաղապահները այնտեղ անհրաժեշտ են, և առաքելությունը պետք է երկարաձգվի, միգուցե պետք է դիտարկենք նաև միջազգային այլ ֆորմատներով այնտեղ հսկողություն իրականացնելու հարցը:
Հայտարարությունն ընդունվեց 57 կողմ ձայնով:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան