Համոզված եմ, որ այսօր Լաչինի միջանցքում ծառայություն կրողներից շատերը լենինգրադյան բլոկադայի հիշողության կրողներն են և շատ լավ հասկանում են՝ ուր է տանում ադրբեջանական սադրանքի քաղաքականությունը: Այդ մասին «Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանն ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
«Իրավական տեսանկյունից ասեմ, որ սա շատ կոշտ հայտարարություն է. հայտարարության մեջ ԱԺ-ն, ըստ էության, ցեղասպանություն նախապատրաստելու, որն ինքնին առանձին հանցագործություն է, մեղադրանք է հնչեցնում, մեղադրանք այն պետությանը, որը Ցեղասպանության մասին կոնվենցիայի մասնակից է:
Հայտարարության մեջ խոսվում է և՛ մարդասիրական աղետի կանխման անհրաժեշտության մասին, և՛ այն հրամայականների, որոնք անհրաժեշտ են իրականացնել, որպեսզի աշխարհը նոր մարդասիրական ողբերգության առջև չկանգնի, բայց ես ուզում եմ կրկին անդրադառնալ ՄԱԿ-ի կանոնադրության արմատներին, որտեղ խոսվում էր ոչ այնքան իրավունքի, որքան բարոյականության մասին, և ես ուզում եմ, որ միջազգային հանրությունը նաև այս վարքագծի բարոյականությանը գնահատական տա:
Ես կցանկանայի, որ աշխարհի կրոնական առաջնորդները, հասարակական գործիչները, անձինք, որոնք մեկ անձի խախտված իրավունքների համար, օրինակ՝ ԵԽԽՎ-ում, մի շարք բանաձևեր են ներկայացնում, անձինք, որոնք փորձում են ինչ-որ կատեգորիայի անձանց պաշտպանելու համար մեծ հանրահավաքներ կազմակերպել, մի ամբողջ ժողովուրդ կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ, ընդ որում, կանգնած է ո՛չ Աֆրիկայում, ո՛չ Ասիայում, կանգնած է Եվրոպայի խորհրդի մաս կազմող հատվածում, և այս բարոյական գնահատականը պետք է տրվի:
Եվս մեկ անգամ կոչ պետք է անեմ բոլոր առաջնորդներին և այն մարդկանց, ում ձայնն ավելի լսելի է, քան իմը կամ մերը, որպեսզի կարողանան կանխել 21-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկը, որովհետև եկեք շատ անկեղծ լինենք միմյանց հետ. ամեն ինչ տանում է նրան, որ մենք ունենանք ոչ այլ ինչ, քան ևս մեկ անգամ ցեղասպանություն, որի հետևանքները կլինեն անդառնալի ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ միջազգային հանրության համար»,- ասաց պատգամավորը: