ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Հանդիպմանը մասնակցել է նաև «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Խաչատուր Խաչատրյանը։
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով հայ-ճապոնական բեղմնավոր համագործակցությունը և այդ շրջանակներում իրականացվող ծրագրերի կենսական նշանակությունը։ Վաչե Տերտերյանը բարձր է գնահատել Ճապոնիայի կառավարության Մարդկային անվտանգության Grassroots ծրագրի շրջանակում իրականացվող «Շիրակի մարզում Վարդաքարի ջրամբարի բարեկարգման ծրագիրը»։
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման նշել է, որ ծրագրի իրականացումը կնպաստի գյուղացիների կյանքի որակի բարձրացմանը և գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը։ Ծրագիրը իրականացնելու համար «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը կտրամադրվի մոտ 113 հազար ԱՄՆ դոլար գումար, որը կուղղվի Վարդաքարի ջրամբարի բարեկարգման և արևային կայանների տեղադրման աշխատանքների իրականացմանը։
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկած Խաչատուր Խաչատրյանը նշել է՝
հատկանշական է, որ «ծագող արևի» երկիր Ճապոնիան հնարավորություն է ստեղծում օգտվել արևի էներգիայից։
Հանդիպման ավարտին Խաչատուր Խաչատրյանը և Մասանորի Ֆուկուշիման ստորագրել են «Շիրակի մարզի Վարդաքարի ջրամբարի բարեկարգման դրամաշնորհային» ծրագիրը։