ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից անդրադարձավ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին ու մի քանի արձանագրումներ արեց:
«Կարծում եմ՝ մեր հարևան երկրներում և ոչ միայն անմիջականորեն հարևան երկրներում, չեն հասկացել, որ Հայաստանում կան կարմիր գծեր: Այդ կարմիր գծերը մեզ համար հստակ են: Նման գործողություններով մեզ բան պարտադրել չի լինի: Կարծում եմ՝ իմ ակնարկը տեղ կհասնի, ու կհասկանան:
Ադրբեջանը հաճախ հայտարարում է, որ իրենք ուզում են Արցախի բնակչությունն այն իրավունքներն ունենա, ինչ իր քաղաքացիներն ունեն: Դա ո՞րն է՝ պատանդի կարգավիճակ ունենա՞լը, անջատված գա՞զը, թե՞ բժշկական օգնություն չստանալը:
Երկրորդ արձանագրումը, որ կուզենամ անել, միջազգային դիտորդական մանդատի արձանագրումն է: Սա ի ցույց է դնում, որ մենք պետք է շատ լրջորեն զբաղվենք և մեր միջազգային գործընկերների հետ զրուցենք միջազգային մանդատի մասին, ինչու ոչ՝ Մինսկի հարթակի 12 անդամ երկրների դիտորդական առաքելություն Արցախի տարածքում ունենալու մասին»,- ասաց Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է ՌԴ խաղաղապահների մանդատին, Սիմոնյանը նշեց.
«Անկախ նրանից՝ մենք այս պահին բավարարվա՞ծ ենք, թե՞ բավարարված չենք, այնուամենայնիվ, սա ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ խաղաղապահ ուժերն այնտեղ անհրաժեշտ են, պետք է երկարաձգվի: Գուցե մենք պետք է դիտարկենք ոչ միայն ՌԴ խաղաղապահների, այլև միջազգային այլ ֆորմատների միջոցով այնտեղ հսկողություն իրականացնելու համար»:
Սիմոնյանը հայտնեց, որ այս պահին ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Ֆրանսիան արդեն իսկ հասցեական հայտարարություն են արել:
«Մեր ունեցած տեղեկություններով՝ ՌԴ-ն պատրաստվում է նմանատիպ հայտարարություն անել, որին հայ ժողովուրդն իր դաշնակից երկրից վաղուց է սպասում: Հուսանք՝ այս անգամ հուսախաբ չեն անի մեր գործընկերները»,- ասաց Սիմոնյանը: