Ապացուցման կարիք չունի փաստը, որ Լաչինի միջանցքի հերթական, այս անգամ արդեն՝ օրեր ձգվող արգելափակումով Ադրբեջանն ուղղակիորեն խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր պարտավորությունը, այն է՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»:
Այդ մասին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը:
«Նույն կերպ ապացուցման կարիք չունի փաստը, որ, արգելափակելով ԼՂ հայության համար կյանքի միակ ճանապարհ հանդիսացող միջանցքը, Ադրբեջանը շրջափակման է առել շուրջ 120 հազար մարդկանց կյանք, նրանց մեջ՝ կանանց և երեխաների՝ իրավիճակը հասցնելով հումանիտար ճգնաժամի եզրին: Նախօրեից նաև ձմռան պայմաններում փակելով գազի մատակարարման փականը և առանց ջեռուցման թողնելով ԼՂ բնակչությանը՝ Ադրբեջանը միտումնավոր սրում է իրավիճակը և վերահաս հումանիտար աղետը: Այս պայմաններում արձանագրում ենք, որ ՌԴ խաղաղապահ առաքելությունը պետք է վերականգնի վերահսկողությունը Լաչինի միջանցքում, ընդ որում՝ անհապաղ և բոլոր միջոցներով»,- նշեց պատգամավորը:
Խոսքն ուղղելով միջազգային հանրությանը՝ Գրիգորյանն ասաց. «Կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և անդամ պետություններին մոնիթորինգ իրականացնելու նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել ԼՂ, որը նպատակ պետք է ունենա ոչ միայն հավաքագրել տեղեկատվություն, այլև ազդանշան հանդիսանա առ այն, որ իրավիճակը սպառնալից է և պայթյունավտանգ: Այն պետք է լինի ժամանակին և հրատապ, քանի որ դրանով ուղղակիորեն կարող են պայմանավորված լինել մարդկային կյանքեր»: