Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մասնակցել է Պրոբացիայի ծառայության աշխատանքը թվայնացնող e-probation էլեկտրոնային կառավարման համակարգի պաշտոնական բացմանը:
Փոխնախարարը բացման խոսքում նշել է, որ պրոբացիայի ինստիտուտի զարգացումը կարևոր ռազմավարական առաջնահերթություն է Կառավարության համար, և այդ համատեքստում ծառայության աշխատանքի թվայնացումը մի կողմից միտված է փաստաթղթաշրջանառության կրճատմանը, ծառայության թափանցիկ և հաշվետու գործելաոճի ապահովմանը, այլ համակարգերի հետ փոխգործակցելիության ապահովմանը, ժամանակի խնայողությանը, մյուս կողմից՝ կոռուպցիոն տարբեր ռիսկերի չեզոքացմանը:
Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ e-probation հարթակը նախարարության՝ որպես ոլորտային քաղաքականության մշակողի համար առանցքային գործիք է՝ պրոբացիայի ոլորտում վարելու ապացուցահենք, փաստահենք քաղաքականություն, քանի որ համակարգը թույլ է տալիս պրոբացիայի ծառայության աշխատանքն ունենալ թվային պատկերով, կատարել վերլուծություններ, դուրս բերել տարբեր ցուցիչներով հաշվետվություններ: