ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ ակնկալելով կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաների արագ արձագանքը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախում հասունացող հումանիտար աղետին:
Թվիթերի միկրոբլոգում նախարարը նշել է.
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախի հայերը բախվում են առողջապահական ճգնաժամի»։
Ըստ նախարարի՝ առողջապահական հրատապ կարիքներ ունեցող մարդկանց չեն կարողանում տեղափոխել Երևան, դեղորայքի և հումանիտար աջակցության մատակարարումը բնակչությանը անհնար է դարձել։
«Ոլորտի պատասխանատուները ակտիվորեն աշխատում են Արցախի գործընկերների հետ: Գորիսի բժշկական կենտրոնը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի, նախարարությունում այս պահին քննարկվում են հնարավոր բոլոր տարբերակները»,- «Լուրերի» հետ զրույցում տեղեկացրել են առողջապահության նախարարությունից: