ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՄԻՋԱՄՏԵԼ ԱՐՑԱԽԻ ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔԻՆ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը ադրբեջանցիների փակելուց հետո արդեն 3 օր վտանգված են 120 հազար մարդու կյանքի, առողջության և այլ իրավունքները՝ արձանագրում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, որը մեկն է 1100 անձանցից, որոնք միջանցքի փակվելու պատճառով չեն կարողանում վերադառնալ տուն:
Գեղամ Ստեփանյան (Արցախի մարդու իրավունքների պաշտպան) - Այլ կերպ ձևակերպել, քան ցեղասպանական քաղաքականություն, էթնիկ զտման քաղաքականություն՝ ուղղված Արցախի ժողովրդի, Արցախի հայերի դեմ, չենք կարող: Այսինքն՝ ամբողջ գործողությունն իրականացվում է ճնշելու խաղաղ բնակչությանը և այդ ճնշման ներքո պարտադրելու իր կամքը:
Ադրբեջանցիները Լաչինի միջանցքը փակել են բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ՝ պահանջում են մոնիթորինգի իրականացում Արցախի Կաշենի հանքում: Գեղամ Ստեփանյանը պնդում է՝ Բաքուն այդ լիազորությունը չունի և փորձում է միջամտել Արցախի ներքին կյանքի կազմակերպմանը, իսկ Լաչինի միջանցքում իրականացվող հավաքի մասնակիցների մեջ մեծամասնություն են պետական ֆիանսավորմամբ գործող կազմակերպությունների ներկայացուցիչները։
Գեղամ Ստեփանյան - Պարզ է, որ որևէ մոնիթորինգի նպատակ չկա, այլ արդեն պատրաստված իրենց փաստաթղթերը կան, որ պետք է ասեն՝ այդ հանքը վնասում է իրենց ընդհանուր բնությանը, և փակեք հանքը, իսկ հանքը փակելը, նաև դրան անդրադառնանք, որ հանքում աշխատում է մոտ 2 հազար քաղաքացի, հանքն Արցախի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտ է, և նաև դրանից ստացված եկամուտներն են, որ Արցախում հնարավորություն է ստեղծվում բնականոն կյանք կազմակերպել:
Ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը, ինչի հետևանքով արցախցիները զրկվել են ջեռուցումից ու տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, իսկ Արցախի ուսումնական հաստատություններում դադարեցվել է դասապրոցեսը։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանից Արցախ գնացող գազի խողովակի մեծ մասը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, այս տարվա ընթացքում գազի մատակարարումը դադարեցվում է արդեն երկրորդ անգամ: Գեղամ Ստեփանյանը հիշեցնում է՝ գազատարը հասնում է նաև Շուշի, տեղեկություն չունի՝ Ադրբեջանի օկուպացրած քաղաքն այժմ գազիֆիկացվո՞ւմ է, թե՞ ոչ:
Գեղամ Ստեփանյան - Չեմ կարծում, որ այլ տեղից գազամատակարարում ունենան, բայց չեմ բացառում նաև, որ հնարավոր լինի այն տարբերակը, որ որևէ ձևով՝ տեխնիկական մեթոդներ կիրառվեն, որ Շուշի մատակարարվի, իսկ Ստեփանակերտ՝ ոչ:
ԽԱԽՏՎՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՈՐՄԵՐԸ. ՍԻՄՈՆՅԱՆ
Արցախի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը դիտարկում է արցախցիների էթնիկ զտումների ադրբեջանական քաղաքականության համատեքստում, ընդգծում՝ խախտվում են միջազգային իրավունքի ֆունդամենտալ կանոններն ու նորմերը:
Տարոն Սիմոնյան (իրավաբանական գիտությունների թեկնածու) - Ամբողջ իմաստն այն է, որ կամ պետք է ֆիզիկապես ոչնչացնի, որն ինքն անում էր 20 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, կամ, եթե դրա հնարավորությունը թույլ տրվի նրան, ապա ֆիզիկապես հեռացնի Արցախից հայ բնակչությանը էթնիկ զտումների տեսքով:
Լաչինի միջանցքը փակելը, Արցախի գազամատակարարումն անջատելը և Բաքվի այլ հանցագործությունները պետք է քննվեն միջազգային իրավական ատյաններում Ադրբեջանի նկատմամբ հարուցված վարույթների շրջանակում: Տարոն Սիմոնյանը նշում է՝ վերջին օրերի դեպքերը կարող են կցվել թե՛ ՄԻԵԴ-ում ընթացող վարույթներին, թե՛ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի շրջանակում քննվող գործին:
Տարոն Սիմոնյան - Այս դատարանում պետք է ներկայացվեն այս փաստարկները որպես հերթական ապացույց, որ հայատյացության քաղաքականությունը դրսևորվում է Արցախում և ամբողջ Ադրբեջանի տարածքում:
ՀՀ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՄԻՊ-ԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ՀՐԱՏԱՊ ԱՐՏԱՀԵՐԹ ԶԵԿՈՒՅՑ
Միջազգային իրավական մեխանիզմների գործարկման հնարավորությունը Արցախի մարդու իրավունքների պաշտպանը քննարկել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի հետ: Արցախցիների խնդիրներին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու համար Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ հայտարարություն:
Գեղամ Ստեփանյան - Միջազգային գործընկերներին օպերատիվ անմիջապես բոլոր հասանելի տեղեկատվությունը փոխանցվում է նամակների տեքսով և՛ մեր կառույցի, և՛ նաև Հայաստանի իմ գործընկերոջ:
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները պատրաստում են նաև հրատապ արտահերթ զեկույց:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան