Իրանը հանդես է գալիս Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականության օգտին և կարծում է, որ այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն կարող է վտանգավոր լինել։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին՝ գրում է EaDaily-ն։
«Մեզ համար շատ կարևոր է Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցը։ Մենք լիովին աջակցում ենք Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականությանը և ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն այս տարածաշրջանում վտանգավոր ենք համարում ու դեմ ենք դրան»,- ընդգծել է իրանցի դիվանագետը։
Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Ջալալին ընդգծել է նաև տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի աշխատանքի կարևորությունը (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան):
Այս տարվա հուլիսին Իրանը մատնանշել էր ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը Թեհրանում Վեցյակի երկրորդ հանդիպումն անցկացնելու վերաբերյալ։