Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակներում գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Հարավային Կալիֆոռնիայի հայ երիտասարդների և ուսանողների հետ:
Զ. Սինանյանը հանդիպել է Համահայկական ուսանողական ասոցիացիայի ղեկավարության հետ, այդ թվում՝ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) հայ ուսանողների ասոցիացիայի, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (USC), Los Angeles Valley College-ի և Los Angeles Mission College-ի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հայագիտական հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ներառյալ սփյուռքի երիտասարդության շրջանում մեդիա գրագիտության կարևորությունը: Նրանք նաև հետաքրքրություն են հայտնել Հայաստանի հետ ակադեմիական համագործակցությունն ընդլայնելու հարցում, ինչպես, օրինակ՝ արտասահմանում սովորելու ծրագրերը։
Գլխավոր հանձնակատարը հանդիպել է նաև Հյուսիսային Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան թեմի երիտասարդների հետ, այդ թվում՝ ACYO-ի (Հայ Եկեղեցու երիտասարդական կազմակերպություն) և Ներուժի ղեկավարությանը: Զարեհ Սինանյանը երիտասարդներին է ներկայացրել գրասենյակի ծրագրերն ու գործունեությունը, պատասխանել նրանց հարցերին և քննարկել հետագա համագործակցության ուղիները։
Այցի ընթացքում Սինանյանն այցելել է ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոց, որտեղ հանդիպել է ուսանողների և դասախոսական կազմի հետ, քննարկել դպրոցի հայագիտական ծրագրերը, արևելահայերենի և արևմտահայերենի ուսուցման միջոցով հայոց լեզվի պահպանման կարևորությունը: