ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն իրավապաշտպանների ֆորումում խոստովանել է, որ կոռուպցիոն սկանդալի պատճառով, որում ներգրավված է եղել Եվրախորհրդարանը, «մարդիկ ծիծաղում են» ԵՄ-ի վրա, և ընդգծել է, որ Եվրամիության հեղինակությունը միջազգային ասպարեզում կախված է այս գործի քննությունից։
Բելգիայի իշխանություններն անցած շաբաթ մի քանի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացրել Բրյուսելում, որտեղ գտնվում է Եվրոպական խորհրդարանը: Նրանք հետաքննում են Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ կապված կոռուպցիայի մեղադրանքները: Մասնավորապես, բերման են ենթարկվել Եվրախորհրդարանի փոխնախագահ, հույն քաղաքական գործիչ Եվա Կայլին և նրա գործընկերը, խուզարկություն է անցկացվել ԵԽ աշխատակցի բնակության վայրում։
Այս շաբաթ հայտնի դարձավ, որ բելգիացի իրավապահները հետաքննության շրջանակներում առգրավել են ավելի քան 1,5 միլիոն եվրո կանխիկ գումար և արժեքավոր նվերներ։ Կայլին հայրենիքում հեռացվել է իր կուսակցությունից, ինչպես նաև կորցրել է պաշտոնը Եվրախորհրդարանում։