Արդեն 3 ամսից ավելի է՝ շինհրապարակի է վերածվել Դիլիջանի կենտրոնական փողոցը: Քանի դեռ խիստ ցրտերը վրա չեն հասել, շինտեխնիկան շարունակում է աշխատել: Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող՝ 2120 գծամետր երկարությամբ, մոտ 27.200 քմ մակերեսով ճանապարհի շինաշխատանքների 70 տոկոսը արվել է: Ասֆալտապատմանը զուգահեռ ամբողջովին նորացվում է մայթերի սալարկը:
Գևորգ Փոստոյան (շինարարական ընկերության ներկայացուցիչ) - Կառուցում ենք 6 հազար քմ մայթասալիկներ, մոտ 3 հազար մ բազալտե եզրաքարերով, մոտ 300 գծամետր ջրահեռացման առուներ ենք կառուցել: Ճանապարհի գրեթե բոլոր մայթերը սալիկապատված են, եզրաքարերը շարված են, ներքին շերտի ասֆալտապատումը վերջացած ա գրեթե լիովին, մնում ա միայն վերին շերտի ասֆալտապատումը, որը կկատարենք մյուս տարի:
Չնայած ընթացող շինարարությանը և այլընտրանքային ճանապարհների առկայությանը, ավտոմեքենաների ինտենսիվ երթևեկն այս հատվածով չի նվազում, ինչը ևս, ըստ շինարարների, խոչընդոտում է աշխատանքը: Եվս մի քանի օր, և շինարարությունը կդադարեցվի մինչև գարուն․
Գևորգ Փոստոյան - Ցրտի պատճառով ճանապարհի մանրահատիկ ասֆալտբետոնը պլանավորում ենք կատարել մյուս տարի՝ տաք եղանակային պայմաններում, որպեսզի ավելի որակով լինի:
Դիլիջանում իրականացվում է ճանապարհաշինական երկու սուբվենցիոն ծրագիր՝ 928 մլն դրամից ավելի ընդհանուր արժեքով, համայնքի ներդրումը 60 տոկոս է:
Վարդան Գրիգորյան (Դիլիջանի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ) - Նախատեսում ենք 4 կմ ճանապարհի հիմնանորոգում, հիմնականում՝ կենտրոնական փողոցը՝ մոտ 2,2 կմ, և Կամարին-Օրջոնիկիձե թաղամասերի փողոցների ասֆալտապատում՝ 1,7 կմ, մասամբ տուֆապատում՝ մոտ 700 մ:
Սա կլինի Դիլիջանում կառուցվող առաջին տուֆապատ ճանապարհը: Նման լուծում է «պարտադրել» Թախտա թաղամասի բարդ ռելիեֆը:
Այստեղ ևս շինաշխատանքները առժամանակ կդադարեցվեն և կվերսկսվեն նոր տարում, օրերը տաքանալուն պես: