Արցախում բնական գազի մատակարարման բացակայության պատճառով կենցաղում քաղաքացիներն օգտագործում են մետաղական գազի բալոններ, որոնք հրդեհավտանգության տեսանկյունից բավականին վտանգավոր են: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Միայն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է հրդեհի 2 դեպք, որոնց առաջացման պատճառը գազի բալոնի պայթյունն է կամ դրանց անսարքությունը: Բարեբախտաբար, 2 դեպքում էլ լուրջ վնասներ չեն արձանագրվել:
«Անհրաժեշտ է պահպանել գազի բալոնների օգտագործման համար սահմանված նորմերն ու պահանջները՝ նախքան դրանց օգտագործումը համապատասխան մասնագետների օգնությամբ ստուգել դրանց սարքինությունը:
ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու և դժբախտ ելքով պատահարները բացառելու նպատակով՝ խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները»,- նշված է հաղորդագրության մեջ: