Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը արդեն երրորդ օրն է՝ շարունակում է երկկողմանի փակ մնալ. Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ արձագանքել են տարբեր երկրներ և կառույցներ:
Եվրամիությունը մտահոգությամբ է հետևում դեկտեմբերի սկզբից Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին՝ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պետեր Ստանոն:
«ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան: Միջանցքով ազատ տեղաշարժի սահմանափակումները տառապանք են պատճառում տեղի բնակչությանը և ստեղծում հումանիտար մտահոգություններ»,- նշել է խոսնակը, հավելել՝ բոլոր այլ մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն ներգրավված կողմերի հետ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով: Ստանոն ընդգծել է, որ Եվրամիությունը զսպվածության կոչ է անում և պատրաստ է նպաստել իրավիճակը կարգավորելուն ուղղված ջանքերին։
Վաշինգտոնն նույնպես Ադրբեջանին կոչ է արել վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Թվիթերի իր միկրոբլոգում ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը գրել է.
«Լաչինի միջանցքի փակումը ծանր հետևանքներ ունի և խոչընդոտում է խաղաղության գործընթացը։ Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են»։
Փրայսը նաև հավելել է, որ էներգետիկ ենթակառուցվածքի աշխատանքի ցանկացած կասեցում կարող է խորացնել հումանիտար ճգնաժամը, հատկապես ձմռանը: «Անընդունելի է ԼՂ քաղաքացիական բնակչությանը այս կերպ վնասելը»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:
Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը: Հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը, կոնգրեսականներ Ջեքի Սփիերը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը հայտարարություն են տարածել՝ մտահոգություն հայտնելով, որ Ադրբեջանի ժողովրդին թույլատրվում է ազատ բողոքել միայն այն ժամանակ, երբ դա սպառնում է հայերի կյանքին։
Լաչինի միջանցքի արգելափակումը համակարգված է և ուղղված է Արցախ պարենի, դեղորայքի, տրանսպորտի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումների խափանմանը:
Կոնգրեսականները Միացյալ Նահանգներին և եվրոպացի գործընկերներին կոչ են արել օգտագործել իրենց տրամադրության տակ եղած դիվանագիտական բոլոր գործիքները, որպեսզի դադարեցնեն Ադրբեջանի կողմից ստեղծված ճգնաժամը, ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ բազմակողմ խաղաղ գործընթացների միջոցով Ալիևին վերադարձնեն բանակցային սեղանի շուրջ և ապահովեն Արցախի ժողովրդի մասնակցությունն այդ քննարկումներին։
Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը առանց նախապայմանների: Փարիզում նաև հիշեցրել են կրակի դադարեցման մասին 2020 թ. նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության դրույթների պահպանման անհրաժեշտության մասին: «Ադրբեջանը պարտավորվել է երաշխավորել Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ մարդկանց, տրանսպորտի և բեռների տեղաշարժի անվտանգությունը»,- ընդգծված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին Ադրբեջանի գործողությունները որակել է որպես ահաբեկչություն: «Ոչ մի պատրվակ չի կարող թաքցնել փաստերը. Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի 120.000 խաղաղ բնակիչներին շարունակում է պահել հումանիտար բացարձակ ճգնաժամի մեջ»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիացի պատգամավորը:
Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված սուր ճգնաժամը Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Փարիզում ներկայացրել է Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնին։ «Պարոն Կամբոնը վերահաստատեց Սենատի բարեկամությունը և համերաշխությունը հայ ժողովրդի հետ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ռուբինյանը։