CNN-ը և Reuters-ը, հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին, հայտնում են, որ Վաշինգտոնն «ավարտում է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերն Ուկրաինայի զինված ուժերին փոխանցելու վերաբերյալ համաձայնագրի նախապատրաստումը: Ենթադրում են, որ հաստատման որոշումը կարող է կայացվել արդեն այս շաբաթ»։
Պենտագոնի ծրագիրը նախ պետք է հաստատի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, որից հետո այն ստորագրելու է նախագահ Ջո Բայդենը:
Լրատվամիջոցների աղբյուրները, սակայն, չեն նշել, թե քանի համակարգ է ստանալու Ուկրաինան: Patriot-ի մեկ մարտկոցը սովորաբար բաղկացած է ռադարից, մեքենաներից, օժանդակ սարքավորումներից և մինչև ութ կայանքից՝ յուրաքանչյուրը չորս հրթիռով:
Associated Press գործակալությունը, վկայակոչելով երեք բարձրաստիճան պաշտոնյաների, հայտնում է, որ Վաշինգտոնն Ուկրաինային կփոխանցի Patriot-ի մեկ մարտկոց:
Լրատվամիջոցների տվյալների պաշտոնական հաստատում առայժմ չկա։
Patriot զենիթահրթիռային համակարգեր ստանալու դեպքում ուկրաինացի զինվորականները դրանց կիրառման դասընթացներ կանցնեն Գերմանիայի ռազմաբազայում: Ամերիկացի բարձրաստիճան զինվորականներից մեկը նշել է, որ համալիրների կիրառմանը տիրապետելու համար ուկրաինացի զինվորականներից ամիսներ կպահանջվեն: