Դեկտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Մնացական Սաֆարյանի և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում օտարերկրյա դիվանագետներին է ներկայացվել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի, փակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը:
Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Մնացական Սաֆարյանը նշել է, որ վերջին օրերին Ադրբեջանի գործողությունները, այդ թվում` մի շարք նմանօրինակ միջադեպերը Լաչինի միջանցքում, հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանումը ակնհայտորեն ի ցույց են դնում, որ Լաչինի միջանցքի փակումը նախապես ծրագրված էր Ադրբեջանի իշխանությունների կողմից և միտված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ստեղծմանը։
Ընդգծվել է, որ ադրբեջանական կողմի գործողությունները 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, մասնավորապես՝ դրա 6-րդ կետի կոպտագույն խախտում են: Այս համատեքստում կարևորվել է միջազգային հանրության կողմից ադրբեջանական գործողություններին թիրախային արձագանքի անհրաժեշտությունը՝ որպես Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի և արցախահայությանը էթնիկ զտումների կանխման միջոց:
Մնացական Սաֆարյանն ընդգծել է նաև Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրսբերման, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման հրամայականը, այդ թվում` Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը նշել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված նմանօրինակ գործողություններով կոպտորեն խախտում է իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները և ի ցույց է դնում, որ առանց միջազգային մեխանիզմի Ստեփանակերտի և Բաքվի միջև իրական երկխոսություն հնարավոր չէ։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի նման գործողությունները խաթարում են հայկական կողմի ջանքերը` ուղղված տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը: