Նիդերլանդների խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է «Քաղաքական բարեփոխված կուսակցություն», «Քրիստոնեական միություն», «Գյուղացի-քաղաքացի շարժում» և Սոցիալիստական կուսակցությունների խմբակցությունների ներկայացրած միջնորդությունը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ:
Միջնորդության մեջ նշվում է, որ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններին՝ Ադրբեջանը փակել է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը և դադարեցրել Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գազամատակարարումը:
«Ռուս խաղաղապահները չեն միջամտում այդ տարածքում, և իրադրությունը սպառնում է հումանիտար աղետ ստեղծել Լեռնային Ղարաբաղի բնակչության համար»,- ասված է փաստաթղթում: Բացի այդ, պատգամավորները կառավարությանը կոչ են անում հորդորել Եվրոպական խորհրդին համատեղ կոչով դիմելու Ադրբեջանին՝ դադարեցնել թշնամական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ և բացել միջանցքը։
Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնությունը ողջունել է միջնորդության ընդունումը Նիդերլանդների խորհրդարանում: