Լրագրողների միջազգային ֆեդերացիայի հայտարարության համաձայն՝ 2022 թվականին սպանված լրագրողների թիվը հասել է առավելագույնին, գրում է Euronews-ը:
Ըստ տվյալների՝ այս տարվա հունվարի 1-ից մինչ օրս մահացել է լրատվամիջոցների 67 աշխատակից, ինչը 20-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Նման տխուր վարկանիշով պետությունների ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ուկրաինան։ Ռազմական գործողությունների սկզբից այդտեղ 12 լրագրող է զոհվել։ Նրան հաջորդում է Մեքսիկան՝ 11 սպանված լրագրող, Հայիթին՝ 6։
Ավելացել է նաև քաղաքական բռնաճնշումների զոհ դարձած լրագրողների թիվը՝ նշում է Լրագրողների միջազգային ֆեդերացիան։ Այսօր ճաղերի հետևում կա լրատվամիջոցների 375 աշխատակից։ Ցուցակը գլխավորում են Չինաստանը՝ 84 բանտարկված լրագրողներով, հաջորդը Մյանման է՝ 64, ապա Թուրքիան՝ 51, Իրանը՝ 34, Բելառուսը՝ 33, Եգիպտոսը՝ 23, Ռուսաստանը՝ 29, Սաուդյան Արաբիան՝ 11, Եմենը՝ 10, Սիրիան՝ 9 և Հնդկաստանը՝ 7 բանտարկվածներով:
Լրագրողների միջազգային ֆեդերացիան մտադիր է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հաջորդ նիստում քվեարկության ներկայացնել Լրագրողների պաշտպանության և անվտանգության մասին կոնվենցիան։ «Եկել է կոնկրետ միջոցներ ձեռնարկելու ժամանակը պաշտպանելու լրագրությունը՝ ժողովրդավարության հիմնական սյուներից մեկը»,- ասել է Լրագրողների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էնթոնի Բելանժեն։