Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից շուրջ մեկ տարի անց Վանաձոր խոշորացված համայնքի ավագանին նիստ է գումարել, քվորում ապահովել։
Արկադի Փելեշյան (Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար) - Շատ շնորհակալ ենք ձեզնից, որ ներկա գտնվեցիք, իհարկե սա, ինչ դուք անում եք, բոլորս անում ենք ի շահ մեր քաղաքի։
Արդեն տևական ժամանակ Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտում էին «Ասլանյան» դաշինքի ու «Հայրենիք» կուսակցությունների անդամները։ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» և «Ապրելու երկիր» խմբակցությունների 16 անդամներին քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր ևս 1 ձայն։ Այսօր նիստին մասնակցել է «Ասլանյան» դաշինքի 2 անդամ:
Սեյրան Ղամբարյան (Վանաձոր համայնքի ավագանու «Ասլանյան» խմբակցության անդամ) - Ասլանյանը նիստի ժամանակ հայտարարել ա, որ մենք մեր քաղաքի ոչ մի դրական աշխատանքների պլանավորմանը դեմ չենք։ Ինքն ինձ հանձնարարել ա, որ հայտարարեմ, որ եթե մեր ներկայությամբ նիստը կայանում է, ուրեմն մեր մասնակցությունը ինքը հանձնարարել ա, որ պարտադիր լինի։
Նախորդ տարի տեղի ունեցած ընտրություններից հետո Վանաձոր խոշորացված համայնքում ղեկավար չէր ընտրվել։ Նախ՝ ամենաշատ՝ մոտ 45% ձայն ստացած «Ասլանյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանն էր կալանավորվել՝ պաշտոնավարման նախկին ժամկետի ընթացքում պաշտոնեական կեղծիք կատարելու և լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Ապա նաև անցողիկ շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էր բողոքարկել ընտրությունների արդյունքները, իսկ վարչական դատարանն այդ հիմքով արգելանք էր դրել ավագանու՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ գումարելու վրա: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում ապրիլին կատարված փոփոխության հիման վրա վարչապետի մայիսի 13-ի որոշմամբ՝ համայնքի ղեկավարի պարտականությունները կատարում է Արկադի Փելեշյանը: Չնայած դրան՝ ավագանու նիստերը այդպես էլ չէին կայանում:
Լուսինե Թադևոսյան (Վանաձոր համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ) - Գիտեք՝ որքան բազմաբնակարան շենքերի բնակիչներ էին սպասում իրենց տանիքների և ջերմամեկուսացման, էդպես բոլոր աշխատանքներին, ինչքան մանկապարտեզ, փողոցներ պետք է վերանորոգվեին, որոնք իսկապես շատ կարևոր էին։
Ավագանու նիստի օրակարգում այսօր 32 հարց է եղել, այդ թվում՝ համայնքի 2023 թվականի բյուջեի նախագիծը: Ավագանին բոլոր հարցերի վերաբերյալ որոշումներ է կայացրել:
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան