Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով մի քանի նիստ է՝ թարգմանչի ներկայությունն ապահովել չի հաջողվում:
Այսօրվա նիստին թարգմանիչը ներկայացել էր առանց որակավորումը հաստատող փաստաթղթի: Այս պայմաններում դատարանը նրա մասնակցությունն անհնարին է համարել:
Ինչ վերաբերում է կոնկրետ այս գործի ապացույցները թարգմանած թարգմանչի ներկայությունը ապահովելուն, ապա կազմակերպությունից դատարանին տեղեկացրել են, որ իրենք միայն գրավոր թարգմանություն են իրականացնում և նիստերին ներկայանալ չեն կարող:
Դատարանը, այդուամենայնիվ, որոշել է այս հարցով դիմել Դատական դեպարտամենտ, միևնույն ժամանակ, որոշել է մյուս նիստին ապահովել այլ թարգմանչի:
Թարգմանչի անհրաժեշտություն է առաջացել, քանի որ, ըստ մեղադրող կողմի՝ ապացույցների թարգմանությունը չի համապատասխանում բնօրինակին:
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է երեք միլիոն դոլար կաշառք ստանալու համար, իսկ Արմեն Գևորգյանը մեկ միլիոն դոլար կաշառքի և փողերի լվացման համար:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան