Մեկնարկել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման գործընթացը, մշակվել է «Հանրային առողջապահության մասին օրենքի նախագիծը», սկսվել է բժշկական հաստատությունների լիցենզավորման պայմանների վերանայման գործընթացը, նախանշվել է բուժհիմնարկներում որակի բարելավման համակարգերի ներդրումը. վարչապետ Նիկոլ Փաշինյանին Առողջապահության նախարարությունում ներկայացրել են ընթացիկ տարվա գործունեության հաշվետվությունը:
Վարչապետը նշել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի կարևորությունը և հանձնարարել ներկայացնել ֆինանսավորման նպատակահարմար մեխանիզմների տարբերակներ: Համակարգի հաջող ներդրման և ընդհանրապես ոլորտի զարգացման համատեքստում Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ ֆիզիկական ենթակառուցվածք, մասնագիտական կարողություններ և բովանդակային ենթակառուցվածք, սրանք այն առանցքային գործոններն են, որոնց պատշաճ ապահովումը թույլ կտա մատուցել բարձր որակի առողջապահական ծառայություններ:
Վարչապետին զեկուցվել է, որ ընդլայնվել է անպտղության հաղթահարման պետական ծրագրի շրջանակը՝ շահառուներ են դարձել նաև զոհված զինծառայողների ծնողները. 2022 թ. ծնվել է 105 երեխա, որից 28-ը՝ զոհված զինծառայողների ընտանիքներում: 2023 թ. շահառուների ցանկը կընդլայնվի, և կավելացվեն 30-35 տարեկան գյուղաբնակ քաղաքացիները: Ընդգծելով ծրագրի ռազմավարական բնույթը՝ վարչապետը հանձնարարել է մշակել այն 100 տոկոսով ընդլայնելու առաջարկներ:
Առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումների միջոցառումների ծրագրի շրջանակում՝ մշակվել է նոր բոնուսային համակարգ, փոխվել է տնային այցերի համակարգը, լինելու են ընտանեկան բժիշկների նոր գործելակարգեր: Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագրերի շրջանակն ընդլայնվել է ևս 2-ով՝ մամոգրաֆիկ և կոլոռեկտալ քաղցկեղի: Էլեկտրոնային առողջապահության շրջանակում թվայնացման գործընթացը շարունակվել է, 2022թ. հունիսից կենտրոնացված համակարգով դեղերը նշանակվում են էլեկտրոնային դեղատոմսով:
Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի շրջանակում վերջին 4 տարում մատուցվող ծառայություններն ավելացել են մոտ 3.5 անգամ, սիրտ-անոթային հիվանդություններինը՝ 2 անգամ: Նշվել է, որ ուղեղի անոթների կաթվածի բուժումը` Stroke ծրագիրը, որը հասանելի է Երևանում, այս տարի ներդրվել է նաև Գյումրիում, 2023-ից կլինի նաև Գորիսում և Վանաձորում: Ընդլայնվել է Հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների 2022-26 թթ. ծրագիրը:
Մեկնարկել է Շտապ բժշկական օգնության միասնական համակարգի ներդրումը: Առողջապահական հաստատությունների արդիականացման և օպտիմալացման գործընթացի շրջանակում՝ նախատեսված է առնվազն 50 բժշկական կազմակերպության կառուցում և վերակառուցում, որից՝ 20 հիվանդանոց, 10 պոլիկլինիկա, առնվազն 20 գյուղական ամբուլատորիա և ՀՎԿԱԿ-ի 2 մարզային մասնաճյուղ։ Տարբեր ծավալի շինարարական աշխատանքներ են ընթանում մոտ 14 բժշկական կենտրոնում: 2023թ. նախատեսված է նախագծանախահաշվային փաթեթների մշակում 20 գյուղերի բժշկական ամբուլատորիաների, Ջերմուկի առողջության կենտրոնների, 10 քաղաքային պոլիկլինիկաների և 3 հիվանդանոցների համար: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել կապիտալ շինարարության ծրագրերը և սահմանված ժամանակացույցի պահպանումը:
Օպտիմալացման շրջանակում նախատեսում են միավորել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն ու Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը:
Կորոնավիրուսային իրավիճակին անդրադառնալով՝ նախարարը վարչապետին զեկուցել է, որ այն արդեն դիտարկվում է որպես վարակիչ հիվանդություն և ներառվել է «2021-25 թթ. իմունականխարգելման ազգային ծրագրով» նախատեսված պատվաստումների ցանկում: Նախարարի գնահատմամբ՝ կորոնավիրուսի առումով Հայաստանում հանրային իմունիտետը բավական բարձր է, և բռնկումներ չեն սպասվում:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջոցառումների շարունակականությունը և հանձնարարել հանրային ակտիվ իրազեկում իրականացնել առողջապահական ոլորտի ծրագրերի վերաբերյալ, և կազմակերպել քննարկումներ: