Դեկտեմբերի 13-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մոհամեդ Մահմուդ Դահին (նստավայրը՝ Մոսկվա):
Ողջունելով Հայաստանում դեսպան հավատարմագրելու Մավրիտանիայի կառավարության որոշումը՝ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Դահիին նշանակման առթիվ և հաջողություն մաղթել նրան կարևոր առաքելության իրականացման գործում։
Իր հերթին, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, դեսպանը հայտնել է իր հանձնառությունը՝ գործադրելու բոլոր ջանքերը Հայաստանի և Մավրիտանիայի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում կապերի և համագործակցության հաստատման և ընդլայնման ուղղությամբ։
Զրուցակիցները քննարկել են կրթության, գիտության, մշակույթի, ինչպես նաև տնտեսական տարբեր ճյուղերում փոխշահավետ համագործակցության հաստատման հեռանկարները։ Այս տեսանկյունից կարևորվել են երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, փոխայցելությունների և հանդիպումների իրականացումը։ Անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ, ՖՄԿ և այլն) շրջանակներում համագործակցության դրական փորձին և շեշտվել է դրա շարունակականության անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրների:
Այս համատեքստում Մնացական Սաֆարյանը դեսպան Դահիին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները։