Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է երկխոսություն վարել Սիրիայի հետ, եթե Արաբական Հանրապետության իշխանությունները իրատեսական դիրքորոշում ցուցաբերեն։
«Պատրաստ ենք միասին աշխատել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը և փախստականների վերադարձը»,- ասել է թուրք դիվանագետը։ Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան ներկայումս բանակցում է Սիրիայի հետ հատուկ ծառայությունների մակարդակով։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր նոյեմբերի 20-ին մեկնարկած օդային գործողությունից հետո Սիրիայի հյուսիսում ցամաքային գործողություն անցկացնելու մտադրության մասին։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալով՝ թուրքական հարվածների հետևանքով ոչնչացվել են ահաբեկիչների հենակետեր, պահեստներ ու ապաստարաններ, հարյուրավոր զինյալներ։