Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը բացման խոսքով է հանդես եկել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի արդյունքների ամփոփման հանդիպմանը։ Փոխնախարար Սարգսյանը փաստել է, որ ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը Կառավարության կայուն և կառուցողական գործընկերներից է։
Սարգսյանը նշել է, որ այս ոլորտում Կառավարությունն օրենսդրական, կարողությունների զարգացման և իրազեկման երեք հենասյուներով աշխատանք է տանում։ Փոխնախարարը կարևորել է հատկապես իրազեկման ուղղությամբ կատարվող աշխատանքները՝ ներկայացնելով ծրագրի շրջանակներում իրականացված «Բռնությունը լռության մեջ է» արշավի բովանդակությունն ու արդյունքները։ Արշավի շրջանակներում իրականացվել են փորձարկումներ՝ պարզելու մարդկանց վերաբերմունքն ընտանիքում բռնությանը:
Գործարկվել է www.violenceinsilence.org կայքը, որտեղ ներկայացվել են ընտանիքում բռնության ենթարկված անձանց և ականատեսներին անհրաժեշտ տեղեկություններ, և թողարկվել են հոլովակներ ու պաստառներ, որոնք կոչ էին անում բռնության ենթարկվելու կամ ականատես լինելու դեպքում չլռել ու դիմել օգնության։ Սարգսյանը վերահաստատել է Կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ համագործակցությունը և քայլ առ քայլ հասնելու այս ոլորտում իրապես դրական արձանագրումների։
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը ևս շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել ընտանեկան բռնության դեմ պայքարում ուժերի մեկտեղումը։