Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 12-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Խորհրդակցության օրակարգում Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական հերթական սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրա հանգուցալուծման համար ձեռնարկված և հետագա քայլերին վերաբերող հարցերն էին։
Նախագահ Հարությունյանը ընդգծել է ներքին և արտաքին բոլոր հնարավորությունների իրացման անհրաժեշտությունը՝ Արցախի Հանրապետության փաստացի շրջափակմանը դիմակայելու և դրա վերացմանը հասնելու նպատակով։ Բոլոր մասնակիցները միաձայն շեշտադրել են Արցախի իշխանությունների վճռականությունը պաշտպանելու Արցախի ժողովրդի կենսական շահերն ու իրավունքները:
Որոշում է կայացվել առավոտյան հրավիրել Անվտանգության խորհրդի և Ազգային ժողովի նիստեր: