Արտահերթ նիստում Արցախի խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի ժողովրդին սպառնացող աղետը կանխելու մասին հայտարարություն: Խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ միջանցքը:
Գեղամ Ստեփանյան (Արցախի ԱԺ պատգամավոր) - Ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնությունից՝ որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ և տարածաշրջանում կայնության ու խաղաղության երաշխավոր, անհապաղ միջոցներ ձեռնարկել սանձելու Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, որոնք կասկածի տակ են դնում արցախահայության գոյության և իր հայրենի հողում ապրելու իրավունքը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակությունը:
ԱՐՑԱԽԻ ԱԺ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀՐԱՎԻՐԵԼ ՄԱԿ-Ի ԱԽ ՆԻՍՏ
Սադրիչ գործողություններով Ադրբեջանն ուզում է հայաթափել Արցախը կամ այն իր կազմի մեջ բռնի կերպով ընգրկել՝ ասվում է Արցախի խորհրդարանի հայտարարությունում:
Գեղամ Ստեփանյան - Կոչ ենք անում միջազգային կառույցներին և ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, իսկ կանխարգելման նպատակով հրատապ հրավիրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ՝ գործնական քայլեր կիրառելու համար: Դիմում ենք Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին, օգտագործել բոլոր հնարավորությունները՝ տարբեր հարթակներում բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին, տեր կանգնելու արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու պատրաստ լինելու այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու: Սիրելի՛ հայրենակիցներ, մեր պայքարը շարունակական է, հայրենի հողում ապրելու կամքը՝ անկոտրում:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՉԻ ԳՆԱ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Պաշտոնական Ստեփանակերտը միակողմանի զիջումների չի գնա՝ Ազգային Ժողովում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու նկատել՝ Բաքուն փորձում է մեր իմունիտետը:
Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Մենք չպետք է հուսահատվենք, և ուզում եմ, որ գիտակցենք՝ նման ճնշումներով ցանկացած զիջում կորզելու պարագայում մենք ունենալու ենք հաջորդ զիջումը: Մինչև այսօր մենք որևէ զիջում չենք արել, երբևէ միակողմանի կամ պարտադրանքով որևէ հարց չենք լուծել: Միշտ եղել են խոսակցություններ, խոսակցության արդյունքում եկել ենք համաձայնության՝ դա եղել է ենթակառուցվածքների հետ կապված խնդիրը, ճանապարհի, Սարսանգի ջրերի օգտագործման և այլն: Միշտ եղել է երկխոսություն, և երկխոսության արդյունքում ձևավորվել է համաձայնություն, որը կատարվել է: Այս անգամ դա խախտվել է:
Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսությունը խախտվել է, երբ Կաշենի հանքավայր այսպես կոչված բնապապանների դիտորդական այցի պահանջին ի պատասխան Ստեփանակերտը սեփական առաջարկություններն է ներկայացրել Բաքվին,-ասել է նախագահ Հարությունյանը:
Արայիկ Հարությունյան - Կառուցողական վարքագիծ ենք դրսևորել մենք, շատ կառուցողական, բայց մեր բոլոր առաջարկությունները մի կողմ են դրել: Եթե նրանց նպատակն է եղել էկոլոգիական դիտարկում, մոնիթորինգ, ապա մենք առաջարկել ենք դա, որը չի ընդունվել, քանի որ նրանց նպատակը եղել է այն է եղել, որպեսզի ճանապարհը փակեն:
Արցախի նախագահի գնահատմամբ՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը պետական հստակ միջոցառում է, որի նպատակն է ստեղծել հումանիտար աղետ Արցախում: Արայիկ Հարությունյանը Հայաստանին և Սփյուռքին կոչ է անում միջազգային կառույցներին ու քաղաքակիրթ աշխարհին՝ պահանջել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա: