Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 13-ին մասնակցել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում - 2-րդ փուլ» ծրագրի փակման արարողությանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լեյլա Ժդանովան, այլք:
Գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանը բարձր է գնահատել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի գործունեությունը՝ առանձնահատուկ կարևորելով ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի դերակատարությունը իրավունքի գերակայության ապահովման գործում: Անահիտ Մանասյանի խոսքով՝ ծրագրի իրականացումը նպաստում է նաև Զինված ուժերում կանանց ներգրավվածության ընդլայնմանը՝ միտված երկրում ժողովրդավարության և իրավունքի գերակայության առավել ամրապնդմանը:
Իր ելույթում Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև Գլխավոր դատախազության և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ առկա համագործակցությանը, ներկայացրել է հետագա համատեղ աշխատանքի ուղղությունները:
Գլխավոր դատախազի տեղակալը կարևորել է հատկապես Զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների, մահվան և վատ վերաբերմունքի դեպքերի քննությանն առնչվող համատեղ վերլուծությունների, հետազոտությունների իրականացումն ու փորձագիտական աջակցությունը՝ ուղղված գործերի քննությունն առավել արդյունավետ դարձնելուն: Անդրադառնալով ծրագրի շրջանակում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումների վերաբերյալ հետազոտություններին՝ Անահիտ Մանասյանը նկատել է, որ դրանք կարևոր նշանակություն ունեն գործերի արդյունավետ քննության ամբողջ ընթացքը վերլուծելու և կատարելագործելու տեսանկյունից:
Քննարկման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը կարևորել է նաև համատեղ միջոցառումները՝ ուղղված դատախազների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման ծրագրերի իրականացմանը՝ հատկապես միջազգային փորձի փոխանակման համատեքստում:
Ծրագրի ավարտն ազդարարող միջոցառմանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների թրանսվերսալ մարտահրավերների բաժնի պետը, Պաշտպանության նախարարության և ՄԻՊ ներկայացուցիչները ներկայացրել են ծրագրի արդյունքները, այնուհետև անդրադարձ է կատարվել Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների զինված ուժերում ազդարարների պաշտպանության համամետական ուսումնասիրություններին: