Ադրբեջանը դադարեցրել է գազամատակարարումը Արցախի ամբողջ տարածքում. եղանակային այս պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ՝ նշված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն էլ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ Արցախի այն ուսումնական հաստատություններում, որտեղ չկա վառելափայտով ջեռուցման հնարավորություն, դասապրոցեսը կդադարեցվի:
ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔՈՒՄ՝ ԱԽ ՆԻՍՏԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը արդեն երկրորդ օրն է՝ շարունակում է երկկողմանի փակ մնալ: Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես, Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Անվտանգության խորհրդի նիստում:
ԱՐՑԱԽԻ ԱԽ-Ն ՈՐՈՇԵԼ Է ԴԻՄԵԼ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆԸ
Նույն օրակարգով Արայիկ Հարությունյանի նախագահությամբ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է տեղի ունեցել նաև Արցախում: Անվտանգության խորհուրդը որոշել է համապատասխան նամակով դիմել Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որն Արցախում հանգեցնելու է հումանիտար աղետի:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է. ՆԱԽԱԳԱՀ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Թվիթերում գրել է. «Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով ավելի քան 120 000 երեխաներ, տարեցներ, կանայք և տղամարդիկ զրկված են կենսական հասանելիությունից դեպի Հայաստան և աշխարհ»:
Նախագահը շեշտել է՝ Արցախի ժողովուրդը գոյաբանական սպառնալիքների առջև է, և միջազգային հանրության հրատապ արձագանքը պարտադիր է:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽԱԽՏՈՒՄ Է ԻՐ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ. ՀՀ ԱԳՆ
Լաչինի միջանցքը փակելու սադրանքը կազմակերպել են Ադրբեջանի պետական մարմինները: Նպատակն է՝ Լեռնային Ղարաբաղը կտրել Հայաստանի և այդպիսով՝ արտաքին աշխարհի հետ կապից:
Հայաստանի արտաքին գերատեսչությունը հայտարարության մեջ նաև ընդգծում է՝ Ադրբեջանը խախտում է եռակողմ պայմանավորվածությունները:
ԱԳՆ
Ստեղծված իրավիճակը ուղիղ հակադրության մեջ է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հետ, համաձայն որի՝
ա) Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո է,
բ) Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը:
ՀՀ արտգործնախարարությունը միջազգային կառույցների և հանրության հրատապ ուշադրությունն է հրավիրում, քանի որ Բաքվի գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ հումանիտար աղետի:
ԱԴՐԲԵՋԱՆՆ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐԻ ԱԶԴԱՆՇԱՆ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ. ՄԱՐՈՒՔՅԱՆ
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանն էլ Թվիթերում գրել է, որ Ադրբեջանը էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում, և որ դա մարդկության դեմ հանցագործություն է։ Չնայած միջազգային հանրության լռությանը՝ Լեռնային Ղարաբաղի հայերը դեռ հավատում են իրենց ժողովրդավարական ընտրությանը»,- ընդգծել է Էդմոն Մարուքյանը
120 ՀԱԶԱՐԻՑ ԱՎԵԼԻ ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐ ԹԱԿԱՐԴՈՒՄ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ. ՄԻՊ
Ինչպես անցյալ տարի Հայաստան-Արցախ միակ գազատարի տևական խափանման դեպքում, այժմ էլ աշխարհի հետ Արցախը կապող միակ ճանապարհի փակման նպատակը շատ պարզ է՝ անտանելի հումանիտար ճգնաժամ ստեղծել ու այդպիսիով ստիպել մարդկանց լքել իրենց տներն ու հայրենիքը՝ հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:
ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյան - 120 հազարից ավելի խաղաղ բնակիչներ թակարդում են հայտնվել, վտանգված են նրանց կյանքի, առողջության պահպանման, կենսապահովման, ազատ տեղաշարժի և այլ կենսական ու անքակտելի իրավունքները։ Հայատյացությամբ բորբոքվող ու սնուցվող այս քաղաքականությունն ուղիղ արտոնված է Ադրբեջանի իշխանության կողմից՝ ի հակադրումն մարդու միջազգային իրավունքների, ինչպես նաև եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների։
ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԻՐԱՎԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Վերջին երկու օրում մարդկանց մի շարք հիմնարար իրավունքներ են խախտվել. Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը քննարկում է միջազգային իրավական մեխանիզմների գործարկման հնարավորությունը:
ԱՆՀՆԱՐ Է ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ
Այդ իրավունքներից մեկն էլ անհրաժեշտ բուժօգնություն ստանալն է: Մինչդեռ մայրուղու փակման հետևանքով դադարեցվել է դեպի Արցախ դեղորայքի մատակարարումը, անհնար է առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան.
Մհեր Մուսայելյան (Ստեփանակերտի հանրապետական ԲԿ գործադիր տնօրեն) - Այսօր վերակենդանացման բաժանմունքում ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկու պացիենտ՝ մեկը 72 թիվ տղամարդ է, մյուսը 80 թիվ տղամարդ է, որը կարիք ունի տեղափոխման քաղաք Երևան: Երեկ վիճակը ծայրահեղ ծանր էր, կարգավորել ենք մի քիչ, հիմա ստաբիլիզացվել է, ինքը տեղափոխման ցուցումներ ունի:
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով այս պահին փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող և Լիսագոր համայնքները, որտեղ շտապօգնության մեքենաները հասնել չեն կարող:
Լիլիթ Նազարյան (Ստեփանակերտի շտապօգնության կայանի տնօրեն) - Մտածմունքս այն է, որ եթե այնտեղի բնակչությանը պետք լինի շտապբուժօգնություն, ինչպե՞ս պետք է սպասարկենք, մանավանդ որ այնտեղ մենք ունենք քրոնիկ հիվանդներ՝ շաքարային դիաբետով, սիրտ-անոթային հիվանդություններով, որոնք իրոք մեր կարիք ունեն:
Արցախի կառավարությունից տեղեկացնում են՝ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը կգործի 24-ժամյա ռեժիմով: Հայաստան-Արցախ ավտոճանապարհի արգելափակման հետևանքով ուղևորների խնդիրները լուծելու համար Սյունիքի մարզպետարանում ևս ստեղծվել է օպերատիվ շտաբ, գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ 093 25 08 08 հեռախոսահամարով։
Հեղինակներ՝ Իրինա Մկրտչյան, Նարեկ Սահակյան: