ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ մեկնաբանելով նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը, որում հստակ նշված է, որ Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։
«Այսինքն՝ միջանցքում զորախումբը ոչ թե կանգնած է Ադրբեջանի բանակի ու ԼՂ Պաշտպանության բանակի միջև՝ բախումներ թույլ չտալու համար, այլ իրականացնում է 5 կմ լայնությամբ տարածքի ուղիղ վերահսկողություն՝ ԼՂ և Հայաստանի միջև անխափան կապ ապահովելու նպատակով։
Համաձայն հայտարարության՝ ո՛չ ԼՂ-ն, ո՛չ ՀՀ-ն Լաչինի միջանցքում որևէ գործառույթ չունեն, որովհետև այն չի գտնվում վերջիններիս վերահսկողության ներքո։
Ադրբեջանը նույնպես նույն պատճառով միջանցքում որևէ գործառույթ չունի, բայց ունի 1 պարտավորություն՝
«Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»:
Այսինքն՝ Ադրբեջանը պարտավորվել է որևէ կերպ վտանգի չենթարկել ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո գտնվող տարածքով ազատ տեղաշարժը (օրինակ՝ չռմբակոծել ճանապարհը կամ ֆեյք բնապահպաններ այնտեղ չուղարկել այն արգելափակելու համար):
Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով Ադրբեջանն իր այս պարտավորությունն ակնհայտորեն խախտել է։ Արդյունքում խախտվել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի՝ միջանցքում վերահսկողություն իրականացնելու պարտավորությունը։
Իրավիճակի հանգուցալուծումը նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում իր լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ։
Փարիզում եմ ԵԽԽՎ քաղաքական և մոնիտորինգի կոմիտեների նիստերին մասնակցելու համար։ Ստեղծված իրավիճակը քննարկման թեմա եմ դարձնելու նաև այստեղ»,- գրել է Ռուբինյանը։