Չինաստանի ազգային-ազատագրական բանակը Արունաչալ Պրադեշ նահանգի շրջանում փորձել է ներխուժել հնդկական տարածք: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը:
«2022 թ. դեկտեմբերի 9-ին չինական զորքերը փորձեցին միակողմանիորեն փոխել ստատուս քվոն՝ մեր փաստացի վերահսկողության գծեր ներխուժելով Տավանգ հատվածի տարածքում»,- գրել է Սինգհը Twitter-ի իր միկրոբլոգում:
Նա տեղեկացրել է, որ Հնդկաստանի իշխանությունները բանակցություններ են վարել Չինաստանի հետ սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի կապակցությամբ, որի ընթացքում Պեկինին խնդրել են խաղաղություն և հանգստություն պահպանել սահմանամերձ շրջաններում:
Հիմալայներում Հնդկաստանի և Չինաստանի միջև սահմանազատման բացակայությունը տասնամյակներ շարունակ մնում է կողմերի միջև լարվածության պատճառ: 2020 թ. մայիսին երկու երկրների սահմանին գտնվող Լադակհ լեռնային շրջանում բախումներ էին տեղի ունեցել, որոնք երկու կողմից էլ զոհերի պատճառ էին դարձել։