Դեկտեմբերի 10-ին Արցախից Երևան եկած մի խումբ երեխաներ չեն կարողանում վերադառնալ, քանի որ երկկողմանի փակ է Արցախը Հայաստանի հետ կապող միակ մայրուղին։
- Ալո, մա՞մ:
- Հա ջան:
- Ի՞նչ ես անում:
- Պա սկի, բալաս, քեզ եմ սպասում:
- Հինչը՞ք անում:
- Մենք նկարահանումների ենք:
- Հա՞, մալադեց: Դե որ նկարահանումները վերջացնես կզանգես, լա՞վ:
- Լավ:
8-ամյա Ինեսան է: Փոքրիկ արցախցին իր երազանքի հետևից էր եկել մայրաքաղաք Երևան, որ ոչ թե հեռուստացույցով, այլ իրականում տեսներ Եվրատեսիլյան շոուն ու աջակցեր մեր հայրենակցին: Երաժշտական տարբեր դպրոցներում սովորող ևս 40 փոքրիկ արցախցի եվրատեսիլյան բեմում վաղեմի երազանքն իրականություն դարձնելու հնարավորություն է ունեցել:
Ինեսա Գրիգորյան - Այնտեղ շատ ուրախ էինք:
Մովսես Հակոբյան - Անցած տարի ես նայում էի ու նախանձում էի երեխաներին, ու այս տարի մեզ հաջողվեց ինքներս ներկա լինենք:
Էրիգա Բաղդասարյան - Ես շատ ուրախ եմ, որ ինձ տվեցին այդ հնարավորությունը՝ լինել այդ բեմում: Իրականում շատ հրաշալի էր ամեն ինչ:
Եվրատեսիլ երգի մրցույթը դիտելու համար հարյուրավոր կիլոմետր հատած մոտ 4 տասնյակ արցախցի երեխաների կեսն այժմ Երևանի հյուրատներից մեկում է, մյուս մասը՝ Գորիսի:
Մովսես Հակոբյան - Երբ արդեն պատրաստվել էին ու պետք է ուղևորվեինք մեր հայրենիք, ահազանգ ստացանք, որ թուրքերը փակել են ճանապարհը, ու մենք մեր կամքին հակառակ պետք է մնանք Երևանում ու ժամանակավորապես բաժանվենք մեր ծնողներից:
Ինեսա Գրիգորյան - Մենք սպասում ենք անհամբեր, որ բացեն, ու գնանք մեր հայրենիքը: Մեզ հետ խաղում են անդադար, բացում են, փակում:
Հայաստան-Արցախ ավտոճանապարհի փակ լինելու մանրամասներից փոքրիկները մեծահասակներին հավասար ծանոթ են, լուրերին հետևում են ու անհամբեր սպասում, թե երբ են ճանապարհ ընկնելու տուն: Արցախի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի խմբակավար Անահիտ Գաբուզյանը, որ երեխաների պատասխանատուն է այս պահին, նշում է, որ խաղերի երգերի, պարերի, զբոսանքների միջոցով ամեն ինչ անում են, որ երեխաները չզգան ծնողների բացակայությունը, բայց նրանք, այնուամենայնիվ, օր առաջ տուն վերադառնալ են ցանկանում:
Անահիտ Գաբուզյան (մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի խմբակավար) - Մեր սպասումները այն են, որ այս վիճակը շուտով լուծում կտան ու ճանապարհը կբացեն ու երեխաները կմեկնեն իրենց ծնողների մոտ մեզ համար ևս շատ դժվար ա իրենց տրամադրությունը բարձր պահել, քանի որ շատ են կարոտում, ու էս երեխաները 44-օրյա պատերազմ տեսած երեխաներ են, ու վախ կա, որ նույնը կկրկնվի:
Գորիսում երեխաների կողքին այժմ գտնվող Արցախի ԿԳՄՍ նախարարի խորհրդականն էլ հայտնեց, որ իրենք ավելի շուտ են դուրս եկել ու այդ պատճառով միայն Գորիս հասնելու ճանապարհին են իմացել, որ ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը:
Աիդա Գյանջումյան (Արցախի ԿԳՄՍ նախարարի խորհրդական) - Երբ որ հասանք Գորիս, սպասեցինք, հասկանանք՝ ինչ կդառնա, բայց իմացանք որ դեռ երկար է տևելու, ու հյուրանոցում տեղավորվեցինք: Ծնողները անհանգստացած են, զանգում են, խոսում են, հանգստացնում ենք, որ ամեն ինչ լավ կլինի, ու հուսով ենք, որ ամեն ինչ կավարտվի:
Երեխաների պատասխանատուները վստահեցնում են, որ փոքրիկները ապահով ձեռքերում են, սակայն բոլորն անհամբեր են, թե երբ է վերադարձի հնարավորություն ստեղծվելու: