Երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը խթանելու և երեխաների ձայնը լսելի դարձնելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ, հանրապետության մի շարք մարզերի կրթամշակութային հաստատություններում տեղի է ունեցել «Իմ իրավունքներն իմ աչքերով» խորագիրը կրող իրազեկման շաբաթ։
Դպրոցներում, նախակրթարաններում, գրադարաններում և մշակութային կենտրոններում իրականացված միջոցառումների ընթացքում երեխաները ծանոթացել են իրենց իրավունքներին ու պարտականություններին, բարձրաձայնել թեմային առնչվող հարցերն ու մտահոգությունները, արտահայտել կարծիքներ ու առաջարկներ:
Բարձր դասարանների աշակերտների շրջանում քննարկումներն իրականացվել են կլոր սեղանի կամ բանավեճի ձևաչափով, իսկ նախակրթարաններում կազմակերպված միջոցառումների շրջանակում փոքրիկներին մանրապատումների կամ այլ մատչելի տարբերակով ներկայացվել են կարևոր դրույթներ՝ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայից։