ՅՈԹՆՅԱԿԻ ԵՐԿՐՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԻԵՎԻՆ
Յոթի խմբի երկրները պայմանավորվել են վերականգնել և պաշտպանել Ուկրաինայի էներգետիկ և ջրային ենթակառուցվածքները, օգնել երկրին հաղթահարել ձմեռը՝ ասված է G7-ի ղեկավարների՝ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ։ Փաստաթղթում նշվում է նաև, որ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ճապոնիան մտադիր են ֆինանսական աջակցության համակարգման հարթակ ստեղծել՝ պատերազմից հետո Ուկրաինան վերականգնելու համար: Յոթնյակի երկրները մտադիր են շարունակել Կիևին ռազմական աջակցությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հակաօդային պաշտպանության համակարգերի վրա։
Հայտարարության համաձայն՝ G7-ը ողջունում է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հարցում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ջանքերը: Ձևաչափի անդամ երկրները «խստորեն դատապարտել են» ռուսական ուժերի կողմից ատոմակայանի ռազմականացումը: Նրանք նշել են, որ հավատարիմ են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությանը, կշարունակեն տնտեսական ճնշում գործադրել Մոսկվայի և այն երկրների վրա, որոնք փորձում են շրջանցել սահմանափակումները:
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼ ՍԻՐԻԱՅԻ ՀԵՏ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է երկխոսություն վարել Սիրիայի հետ, եթե Արաբական Հանրապետության իշխանությունները իրատեսական դիրքորոշում ցուցաբերեն։
«Պատրաստ ենք միասին աշխատել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը և փախստականների վերադարձը»,- ասել է թուրք դիվանագետը։ Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան ներկայումս բանակցում է Սիրիայի հետ հատուկ ծառայությունների մակարդակով։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր նոյեմբերի 20-ին մեկնարկած օդային գործողությունից հետո Սիրիայի հյուսիսում ցամաքային գործողություն անցկացնելու մտադրության մասին։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալով՝ թուրքական հարվածների հետևանքով ոչնչացվել են ահաբեկիչների հենակետեր, պահեստներ ու ապաստարաններ,սպասնվել են հարյուրավոր զինյալներ։
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՑՈՒՅՑԵՐ ՊԵՐՈՒՈՒՄ
Պերուում զանգվածային ցույցեր են: Ավելի քան 20 հազար մարդ դուրս է եկել փողոց՝ բողոքելու նախկին նախագահ Պեդրո Կաստիլիոյի պաշտոնանկության և Դինա Բոլուարտեին այդ պաշտոնում նշանակելու դեմ: Երկրի ներքին գործերի նախարարը տեղեկացրել է, որ ցուցարարների հետ բախումների ժամանակ վիրավորվել է 40-ից ավելի ոստիկան, կան զոհեր և վիրավորներ ցուցարարների շրջանում: Կաստիլյոյի կողմնակիցները նաև գրավել են Պերուի օդանավակայանը, պահանջել ցրել Խորհրդարանը: Նորանշանակ նախագահը արտակարգ դրություն է հայտարարել և առաջարկել 2024 թվականին արտահերթ ընտրություններ անցկացնել։
Պերուում բողոքի ցույցերը սկսվել են անցած շաբաթ, երբ Պեդրո Կաստիլյոն հեռացվեց երկրի ղեկավարի պաշտոնից և ձերբակալվեց։ Ավելի վաղ Պերուի նախկին նախագահը փորձել էր իր իմփիչմենթի հարցով քվեարկության ընդառաջ ցրել խորհրդարանը և Պերուում պարետային ժամ սահմանել։ Երկրի գլխավոր դատախազությունը որոշումը «սահմանադրական կարգի խախտում» է որակել։ Նրան սպառնում է 10-ից 20 տարվա ազատազրկում: Նախկին նախագահին մեղադրում են նաև իշխանությունը չարաշահելու և պաշտոնավարման ընթացքում կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար։
ՑՈՒՅՑԵՐ ՍԵՐԲԻԱՅՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Ցույցեր են նաև Սերբայում: Կոսովոյի հետ սահմանի լարվածության ֆոնին հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են Բելգրադում՝ ի պաշտպանություն Կոսովոյում ապրող սերբերի, և փակել ճանապարհները: Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը Արևմտյան Բալկանների հարցերով իր հատուկ ներկայացուցչին կուղարկի Կոսովո՝ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար:
Իրավիճակը Կոսովոյի հյուսիսում կրկին լարվել է դեկտեմբերի սկզբին, երբ Կոսովոյի ոստիկանությունը Կենտրոնական Սերբիայի հետ սահմանին տեղակայված անցակետում ձերբակալել է նախկին սերբ ոստիկանի, որը հրաժարական էր տվել՝ այդպիսով իր բողոքը հայտնելով Կոսովոյի որոշմանը՝ փոխելու սերբական պետհամարանիշները: Ի պատասխան՝ տարածաշրջանի սերբ բնակչությունը անցակետի մոտ գտնվող մի շարք բնակավայրերում արգելափակել է երթևեկությունը և բողոքի ցույցեր անցկացրել, լսվել են կրակոցներ: Սերբական կողմը հայտարարում է՝ Սերբիան Կոսովոյի հետ պատերազմի շեմին է՝ Կոսովոյի վարչապետի գործողությունների և Եվրամիության անգործության պատճառով: Բելգրադը մեղադրում է Կոսովոյի վարչապետին սերբերի դեմ էթնիկ զտումների քաղաքականության համար։ Կոսովոն իր հերթին Սերբիայի իշխանություններին մեղադրում է ռազմական ագրեսիայի սպառնալիքի համար: Վարչապետ Ալբին Կուրտին հայտարարել է՝ Կոսովոն խաղաղություն է ուզում, սակայն անհրաժեշտության դեպքում կարձագանքի սերբական ագրեսիային: Նաև հաղորդվում է, որ Կոսովոն դեկտեմբերի 15-ին պաշտոնապես կդիմի ԵՄ-ին անդամակցելու համար։