ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔՈՒՄ՝ ԱԽ ՆԻՍՏԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհը ավելի քան մեկ օր շարունակում է երկկողմանի փակ մնալ: Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես, Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Անվտանգության խորհրդի նիստում:
ԱՐՑԱԽԻ ԱԽ-Ն ՈՐՈՇԵԼ Է ԴԻՄԵԼ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆԸ
Նույն օրակարգով Արայիկ Հարությունյանի նախագահությամբ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է տեղի ունեցել նաև Արցախում: Անվտանգության խորհուրդը որոշել է համապատասխան նամակով դիմել Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որն Արցախում հանգեցնելու է հումանիտար աղետի:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽԱԽՏՈՒՄ Է ԻՐ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ. ՀՀ ԱԳՆ
Լաչինի միջանցքը փակելու սադրանքը կազմակերպել են Ադրբեջանի պետական մարմինները: Նպատակն է՝ Լեռնային Ղարաբաղը կտրել Հայաստանի և այդպիսով՝ արտաքին աշխարհի հետ կապից:
Հայաստանի արտաքին գերատեսչությունը հայտարարության մեջ նաև ընդգծում է՝ Ադրբեջանը խախտում է եռակողմ պայմանավորվածությունները:
Ստեղծված իրավիճակը ուղիղ հակադրության մեջ է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հետ, համաձայն որի՝
ա) Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո է,
բ) Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը:
ՀՀ արտգործնախարարությունը միջազգային կառույցների և հանրության հրատապ ուշադրությունն է հրավիրում, քանի որ Բաքվի գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ հումանիտար աղետի:
ԱԴՐԲԵՋԱՆՆ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐԻ ԱԶԴԱՆՇԱՆ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ. ՄԱՐՈՒՔՅԱՆ
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանն էլ Թվիթերում գրել է, որ Ադրբեջանը էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում, և որ դա մարդկության դեմ հանցագործություն է։ Չնայած միջազգային հանրության լռությանը՝ Լեռնային Ղարաբաղի հայերը դեռ հավատում են իրենց ժողովրդավարական ընտրությանը»,- ընդգծել է Էդմոն Մարուքյանը
ՀՀ ՄԻՊ-Ը ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ինչպես անցյալ տարի Հայաստան-Արցախ միակ գազատարի տևական խափանման դեպքում, այժմ էլ աշխարհի հետ Արցախը կապող միակ ճանապարհի փակման նպատակը շատ պարզ է՝ անտանելի հումանիտար ճգնաժամ ստեղծել ու այդպիսիով ստիպել մարդկանց լքել իրենց տներն ու հայրենիքը՝ հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:
Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ ՄԻՊ) - 120 հազարից ավելի խաղաղ բնակիչներ թակարդում են հայտնվել՝ վտանգված են նրանց կյանքի, առողջության պահպանման, կենսապահովման, ազատ տեղաշարժի և այլ կենսական ու անքակտելի իրավունքները։ Հայատյացությամբ բորբոքվող ու սնուցվող այս քաղաքականությունն ուղիղ արտոնված է Ադրբեջանի իշխանության կողմից՝ ի հակադրումն մարդու միջազգային իրավունքների, ինչպես նաև եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների։
ՄՈՏ 1100 ՄԱՐԴ ՄՆԱՑԵԼ Է ՃԱՆԱՊԱՐՀԻՆ. ԱՐՑԱԽԻ ՄԻՊ
Արդեն 24 ժամից ավելի է, մոտ 1100 մարդ մնացել է ճանապարհին ձմեռային ցուրտ պայմաններում, այդ թվում՝ 270 երեխա. ծանր իրավիճակի մասին ահազանգել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը.
Գեղամ Ստեփանյան (Արցախի ՄԻՊ) - Դադարեցվել են սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի և անհրաժեշտ պարենի մատակարարումները, հազարավոր մարդիկ մեկուսացման մեջ են հայտնվել: Սա ադրբեջանական էթնիկ ատելության քաղաքականության հերթական դրսևորումն է, որը նպատակ ունի ահաբեկելու Արցախի ժողովրդին, գոյաբանական սպառնալիքի ներքո տարբեր կենսական հարցերում զիջումներ կորզելու Արցախից և պարտադրելու իր կամքը։
Արցախի առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ շարունակում է անհնար մնալ առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան