Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը հայտարարել է, որ պատրաստ է հարվածներ հասցնելու Ռուսաստանի տարածքին՝ ուկրաինական տարածքների վրա ռուսական կողմի հարձակման դեպքում: Հայտարարությունն արել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։
«Մենք ամեն ինչի պատրաստ ենք։ Եթե ինչ-որ բան վերաբերում է մեր շահերին, ապա ոչ մեկին չենք հարցնի, թե որտեղ հարվածենք թշնամուն»,- ասել է նա՝ հավելելով, որ թշնամու տարածքը սկսվում է Ուկրաինայի սահմաններից այն կողմ և ավարտվում Վլադիվոստոկում։
Ավելի վաղ բրիտանական The Times-ը, հղում կատարելով Պենտագոնի աղբյուրին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերից այլևս չի պահանջում հարվածներ չհասցնել Ռուսաստանի տարածքին։ Նշվել է նաև, որ ԱՄՆ-ն այժմ ավելի քիչ մտավախություն ունի Մոսկվայից իրավիճակի սրման հարցում: