Երկուշաբթի առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում՝ «Ստրոյտրակտ» շինարարական հիպերմարկետում: Սա նման երկրորդ հրդեհն է՝ անցած ուրբաթ մերձմոսկովյան Խիմկիում ամբողջությամբ այրվեց Mega առևտրի կենտրոնում գործող OBI խանութը, հայտնում է BBC-ն։
Բալաշիխայի շինարարական հիպերմարկետում հրդեհի մակերեսը հասել է 10 հազար քառակուսի մետրի, այն արագ տարածվել է տանիքի փլուզման հետևանքով՝ հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Փրկարարների խոսքով՝ մարումը բարդացել է շենքի ներսում առկա շինանյութերի և դյուրավառ ապրանքների պատճառով։ Ըստ փորձագետների՝ նույն վիճակն է եղել նաև «Մեգա Խիմկիում» բռնկված հրդեհի ժամանակ, որի արդյունքում արագ այրվել է մեկ այլ հիպերմարկետ։
Բալաշիխայում հրդեհի պատճառն, ըստ ՏԱՍՍ-ի, եղել է անձրևի պատճառով առաջացած կարճ միացումը: Սկզբում այրվել են փողոցում առևտրի կենտրոնի մոտ գտնվող շինանյութերը, այնուհետև կրակը տարածվել է շենքի առաջին հարկ, տեղեկացնում է լրատվական գործակալությունը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։