Վերջին ամիսներին դոլարի նկատմամբ դրամի արժևորումը Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների դժգոհության պատճառ է դարձել:
Ընկերությունները, որոնք դրսից արտարժույթով են եկամուտ ստանում, նշում են, որ դոլարի մոտ 20 տոկոս արժեզրկումը նվազեցրել է իրենց եկամուտը: Որոշ ընկերություններ նույնիսկ հայտարարում են հնարավոր փակման մասին:
Նարեկ Վարդանյան («Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ընկերության տնօրեն) - Նույն քանակի եկամուտները, որը որ 1 տարի առաջ կար, այսօր արդեն 25 տոկոսով ավելի քիչ փաստացի եկամուտ է, քան կար առաջ, ու էդ պատճառով ընկերությունների ծախսերը 25 տոկոսով բարձրացել են վերև, ի թիվս ինֆլյացիայի, համաշխարհային կրիզիսի ու էս բոլոր կատակլիզմների պատճառով նաև ծախսերը ևս բարձրացել են:
Չնայած այս պնդումներին՝ տնտեսագետները մեջբերում են վիճակագրական կոմիտեի տվյալները, ըստ որի՝ այս սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատ, ոլորտում աշխատողների թիվն աճել է ավելի քան 40 տոկոսով, ավելացել է նաև աշխատավարձի չափը:
Վիլեն Խաչատրյան (ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի վարիչ) - ՏՏ ոլորտի աշխատավարձերը եղել են ամենաբարձրը, կազմել են 957 հազար դրամ, սեպտեմբեր ամսվա վիճակագրությունն եմ ասում: Եթե դիտարկում ենք այս նույն վիճակագրությունը հունվար-օգոստոս ամիսներին, եղել ա միջինում 862 հազար, սա ի՛նչ ա նշանակում՝ մոտ 90 հազարանոց աճ:
Նարեկ Վարդանյանի խոսքով՝ ոլորտի ընկերությունները Հայաստանում շահույթ չեն ստանում, ստացված ներդրումները արագ շրջանառության մեջ են դնում, որ ավելի արագ աճեն, և այդ պատճառով խնայողություններ չունեն: Նա առաջարկում է խնդիրը երկարաժամկետ դիտարկել:
Նարեկ Վարդանյան - Որովհետև հիմնականում ռիսկը կայանում է այդտեղ, որ, օրինակ՝ եթե պայմանական վերցնենք՝ ընկերությունը ստացել է 1 մլն դոլարի ներդրում ու կարող էր գոյատևել 10 ամիս էդ ներդրմամբ, հիմա արդեն կգոյատևի 8 ամիս, ու արդեն հարց ա առաջանում՝ ինչ է կատարվելու հաջորդ 2 ամսում:
Ըստ Վիլեն Խաչատրյանի՝ կառավարությունը առանց այդ էլ այս ճյուղի խթանման համար հարկային արտոնություններ է սահմանել, և չնայած ՏՏ-ն առանցքային դեր ունի, սակայն մեկ ոլորտի համար հատուկ աջակցություն տալը սխալ կլինի:
Վիլեն Խաչատրյան - Ինչո՞ւ, որովհետև հասարակության մի մասը վճարում է այդ մասին՝ տալով հարկեր, այսինքն՝ ինքը, իսկ մյուս մասը, չտալով՝ նրան դնելով արտոնյալ պայմանների մեջ և հատկապես հաշվի առնելով, որ նրանք ի սկզբանե իրենց բարձր աշխատավարձերով ունեն արտոնություն:
Ընկերություններին տնտեսագետը խորհուրդ է տալիս նաև ռիսկերը հաշվի առնել, որ կարողանան դիմադրողականություն և կայունություն դրսևորել, կարճաժամկետ խնդիրների դեպքում էլ արտոնությունների չսպասել:
Վիլեն Խաչատրյան - Հայաստանը դրամի արժևորման առումով ունի սպեցիֆիկա, աշխարհում տեղի են ունենում այլ պրոցեսներ, գրեթե բոլոր երկրներում առկա է արժեզրկման խնդիրը: Սա նշանակում է, որ իրականում դա կարճաժամկետ է, և անգամ մրցունակությունը, եթե անկում է ապրել, էլի կարճաժամկետ է, իսկ այդ ընկերությունների մի մասն անգամ իրենց հարկեր վճարելու տեսանկյունից գրանցված են դրսում:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հիշեցնում է, որ դեռ այս տարվա մարտին կառավարությունը հաստատել էր ոլորտի աջակցության ծրագիրը, որով եկամտահարկի 50 տոկոս վերադարձի տեսքով 25 կազմակերպության ավելի քան 2 մլրդ 300 մլն դրամ աջակցություն է տրամադրվել:
Ռոբերտ Խաչատրյան (ՀՀ ԲՏԱ նախարար) - Այն ընկերություններին, ովքեր 10 և ավելի աշխատակից են ներգրավվել, որոնք մարտի 1-ից սկսած՝ հետին ամսաթվով 6 ամիս Հայաստանում հարկատու չեն հանդիսացել, դրա տակ կարող են մտնել ուսանողները, որոնք նոր են աշխատաշուկա մտնում, կարող են մտնել օտարերկրացիները, ովքեր ժամանել են Հայաստան և էսպես ասած ստվերում աշխատող անձինք, սա հնարավորություն ա տալիս նաև այդ մարդկանց բերել հարկային դաշտ: Գործելու է այս պահի դրությամբ մինչև 23 թվականի մարտ, և դիմումների ընդունման վերջնաժամկետը սահմանված ա մայիս՝ 2023 թվական: Որոշ աշխատանքներ արվում են երկարաձգելու համար այդ որոշումը, բայց այս պահին դեռ վերջնական որոշում չկա:
Դրամի արժևորման հետևանքով տուժած ՏՏ ոլորտի ընկերություններին օգնելու համար կառավարությունը ևս մեկ աջակցության ծրագիր ընդունեց այս տարվա դեկտեմբերի մեկին: Նոր աջակցությունից կարող են օգտվել այն ընկերություններն ու անհատ ձեռներեցները, որոնք այս տարվա հունիսից հոկտեմբեր պահպանել են իրենց աշխատավարձային ֆոնդի 80 տոկոսը և որոնց ծառայությունների 70 տոկոսն արտահանվում է:
Ռոբերտ Խաչատրյան - Կախված նրանից, թե ինչքան տոկոս է կազմում արտահանումը, և աշխատավարձի ֆոնդի պահպանումը ինչքան ա կազմել, էդ սանդղակով որոշվում է աջակցության չափը, այսինքն աջակցությունը կարող էլ լինել մինչև 95 տոկոս վճարած եկամտային հարկի վերադարձի տեսքով այդ բազային ժամանակահատվածի մասով:
Տրամադրվող աջակցությունը գնահատվում է 10 մլրդ դրամ, իսկ ընտրվել է այս տարբերակը, քանի որ քննարկումների արդյունքում եկել են եզրահանգման, որ սա հնարավոր է ոչ միայն վերահսկել, այլև կառավարել:
Ռոբերտ Խաչատրյան - Ունենք արդեն շուրջ 20 ընկերություն, որ դիմել է, դիմումների ընդունման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը, և խրախուսում ենք ընկերություններին արդեն իսկ մանրամասն ծանոթանալ կարգին, կարգը հրապարակված է մեր կայքում, և եթե հարցեր առաջանան, պատրաստ ենք գրավոր կամ բանավոր ձևավոր պարզաբանումներ տալ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառն ամենամեծ ներուժն ունի, և Հայաստանում ևս այս ճյուղը տարեցտարի բարձր աճ է արձանագրում, և որ գործընթացը շարունակական լինի՝ պետության հասցեական աջակցությունը կարևոր է, նշում են ոլորտի ներկայացուցիչները:
Նարեկ Վարդանյան - Կարծում եմ, որ ամբողջ Հայաստանի շահերից է բխում էդ ոլորտին աջակցելը, քանի որ ոլորտը ինքը նաև մուլտիպլիկատիվ ոլորտ է, էստեղ խոսքը չի գնում այսպես իզոլացված մեկ ոլորտի մասին: Տեխնոլոգիական ոլորտի զարգացումը ուղղակիորեն բերում է կրթության զարգացմանը, ուղղակիորեն ազդում է գիտության զարգացման վրա, ռազմարդյունաբերության զարգացման վրա, այլ ոլորտների զարգացման վրա:
Աշխարհում, ճգնաժամով պայմանավորված, տեղեկատվական տեխնոլոգիաների խոշոր ընկերություններում այժմ զանգվածային կրճատումներ են:
Տնտեսագետների խոսքով՝ սրան զուգահեռ՝ արտերկրից Հայաստան մասնագետների հոսք կա, ինչը լրացուցիչ հնարավորություն է ստեղծում այս ուղղության զարգացման համար, իսկ պետության խնդիրը մնում է ոլորտի համար բարենպաստ դաշտի ապահովումը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան