Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Առաջիկայում կլսեք մեր երկու երկրների կողմից երկու երկրներում դեսպանների նշանակման մասին
Խոսքը Հայաստանի և Հունգարիայի մինչև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին է:
Ստյոպա Սաֆարյան (քաղաքագետ) - Սառեցված, խզված հարաբերություններ հավերժ լինել չեն կարող, առավել ևս, որ Հունգարիայում այդ մասին զղջում են:
Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել էին 1992 թ. փետրվարի 26-ին, սառեցվել՝ 2012 օգոստոսի 31-ին: Պատճառը առավել քան ծանրակշիռ էր: 2004-ին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը սպանվեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից:
Բուդապեշտի քաղաքային դատարանը նրան դատապարտեց ցմահ ազատազրկման՝ առաջին 30 տարվա ընթացքում առանց համաներման իրավունքի։ Սակայն 2012 թ․օգոստոսին Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, ինչը հայկական կողմը չէր կարող թողնել անարձագանք:
Ստյոպա Սաֆարյան - Հունգարիան երբեք չի արդարացրել, որ Սաֆարովին հերոսացրել են, շատ էին փաստական հենքերը, որ իշխանությունները դա արել են միլիոնանոց ներդրումներ անելու դիմաց:
Տարիներ անց Հունգարական հետաքննական լրագրողական կազմակերպություններից մեկը բացահայտել է նման կասկածելի ֆինանսական գործարքներից մեկը: Սաֆարովի արտահանձնման շրջանում Ադրբեջանից 7 մլն ամերիկյան դոլար է փոխանցվել հունգարական MKB բանկում բացված հաշիվներից մեկին: Այդ հաշվեհամարը պատկանել է Ադրբեջանի այդ ժամանակվա փոխվարչապետ Յաքուբ Էյուբովի որդու օֆշորային ընկերությանը, իսկ փոխանցումն էլ կատարվել է Metastar Invest LLP ընկերության կողմից, որը գաղտնազերծված փաստաթղթերում ադրբեջանական իշխանությունների կոռուպցիոն սխեմաներում ներգրավված չորս ընկերություններից մեկն է:
Ավելի ուշ, ըստ տարբեր հրապարակումների, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը փակ կուսակցական նիստում խոստովանել էր, որ այդ որոշումը կայացրել էր հետագայում Հունգարիայի բյուջե նոր ֆինանսական հոսքեր ապահովելու համար, քանի որ երկիրը տնտեսական վատ վիճակում էր, սակայն կարծել է, թե Սաֆարովին ոչ թե անմիջապես, այլ մի քանի ամիս անց կազատեն՝ «առողջական վատ վիճակի պատճառաբանությամբ»:
Սակայն Իլհամ Ալիևը Սաֆարովին Ադրբեջան վերադառնալու հենց նույն օրը ներում շնորհեց, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը բարձրացրեց նրա կոչումը, նաև միանվագ վճարեց 8 տարվա աշխատավարձը:
Հակոբ Բադալյան (քաղաքագետ) - Իհարկե Հայաստանի արձագանքը միանգամայն հասկանալի էր: Երկկողմ հարաբերություններում շուրջ 10 տարի շարունակվող ճգնաժամի հաղթահարման նպատակով Բուդապեշտը տեսանելի քայլեր սկսեց նախորդ տարի:
Ստյոպա Սաֆարյան - Երևանն է ընդառաջ գնում Բուդապեշտից եկող ազդանշաններին, որոնցից մեկը ռազմագերիների փոխանակմանը մասնակից դառնալն է:
Պատահական չէր, որ Հունգարիան դարձավ այն երկրներից մեկը, որը ցանկացավ միջնորդ լինել ռազմագերիների փոխանակման հարցում, քիչ երկրներ են դրանք՝, Վրաստան, Բրյուսել, ԱՄՆ, Ռուսաստան, և միանում է Հունգարիան:
Բուդապեշտի դրական քայլերի մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնեց նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Արարատ Միրզոյան - Հիշում ենք Հունգարիայի գործադրած ջանքերը 5 հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ։ Չենք կարող չնկատել, որ քովիդի դեմ պայքարի շրջանակներում ցուցաբերած օգնությունը, կան բազմաթիվ այլ օրինակներ՝ ֆինանսական աջակցությունը, որ հունգարական իշխանությունը ցուցաբերում է Հայ Առաքելական Եկեղեցուն, նաև դպրոցների մակարդակով համագործակցություն, ընտրություն պետք է կատարել ավելի շատ դրականի ու ապագայի համար:
2021-ի դեկտեմբերի 29-ին Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերի վերադարձավ տուն, նրանց անձամբ ուղեկցում էր այդ երկրի արտաքին գործերի պետքարտուղար Պետեր Շտարայը։
Հակոբ Բադալյան - Դա կարող ենք որպես ժեստ ընկալել ու քավության տողատակ ընկալել, ի վերջո այդ քայլն արված է ու թույլ է տալիս խոսել մեր կողմից քայլի մասին, ու կա դրա քաղաքական անհրաժեշտությունը: Զգայական պայմաններից պետք է դուրս գալ:
Հենց ապագայի դրական ակնկալիքով այս տարվա դեկտեմբերի 1-ին Լեհաստանում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն պաշտոնապես հայտնեցին հայ-հունգարական հարաբերություններում նոր էջ բացելու մասին, շեշտելով՝ այն հիմնված է լինելու փոխադարձ վստահության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա։
Եվ հանդիպման ժամանակ հայկական կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը.
Արարատ Միրզոյան - Հունգարական իշխանությունները հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին և հունգարական դատարանով դատապարտված հանցագործին չպետք է արտահանձնեին Ադրբեջանին: Մեր ընկալումները նույնն են:
Նույն մոտեցումն ունեն նաև Հունգարիայի հանրային շրջանակները: Այս տարվա փետրվարին արդեն իսկ հունգարական կողմի նախաձեռնությամբ Հայաստան պատվիրակություն էր ժամանել, Երևանում Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցի և Բուդապեշտի հիմնական էկումենիկ դպրոցներից մեկի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր:
Հուշագրի ստորագրումից հետո Բուդապեշտի դպրոցի տնօրեն Չերե Իշտվանն իր խոսքում շեշտում է, որ Գուրգեն Մարգարյանի հրեշավոր սպանությունը հունգարական հանրության համար շարունակում է մնալ շատ ցավալի, ծանր և անընդունելի ողբերգություն:
Հունգարացիները մշտապես կիսել են հայերի վիշտը 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության ցավալի իրադարձության կապակցությամբ։ Բայց ժամանակն է նոր էջ բացել և նայել դեպի ապագա։ Այս շեշտադրումն էլ Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենի և հունգարական աջակցության ծրագրի պետքարտուղար Տրիստան Ազբեյի՝ այդ օրերին «Արմենպրեսին» տված հարցազրույցից է:
Ստյոպա Սաֆարյան - Ակնհայտ է, որ հունգարական կողմն իր հաշիվը վերցրել է Երևանի կարմիր գծերի նկառմամբ, Բուդապեշտը գիտի, որ դրանք հատել չի կարելի:
Ըստ Արտգործնախարարության հաղորդագրության՝ Երևանն ու Բուդապեշտն առաջիկայում ոչ ռեզիդենտ դեսպաններ կնշանակեն՝ ուսումնասիրելու հարաբերությունների զարգացման հնարավորությունները, հատկապես առևտրի, մշակույթի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում։
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան