Բաքուն դեսպանություն կբացի Թել Ավիվում՝ օրենքի նախագիծը մոտ 2 շաբաթ առաջ հաստատել է Ադրբեջանի խորհրդարանը: Սա այն պարագայում, երբ դեռ նախորդ դարի կեսերից սկսած արաբա-իսրայելական հակամարտության ու պաղեստինյան հիմնախնդրի պատճառով մուսուլմանական երկրները խուսափում էին Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց: Այս սկզբունքը մուսուլմանական երկրների մոտ պահպանվեց մինչև 2020-ը: Վերջին երկու տարում մի շարք երկրներ պաշտոնական մակարդակում հարաբերություններ սկսեցին Իսրայելի հետ:
Արմեն Պետրոսյան (արևելագետ) - Միացյալ Նահանգների նախորդ վարչակազմի ջանքերով նախաձեռնվեց այսպես կոչված «Աբրահամյան» համաձայնագրերի գործընթացը, որի համատեքստում մի շարք կարևոր արաբական երկրներ խաղաղության համաձայնագիր ու նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ հուշագրեր ստորագրեցին Իսրայելի հետ, ընդ որում՝ դրանց մեջ էին Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Մարոկկոն, և դրանից հետո մի շարք այլ երկրներ ևս սկսեցին բարելավել Իսրայելի հետ հարաբերությունները:
Այսպես էլ խախտվեց արաբա-մուսուլմանական աշխարհի միասնական դիրքորոշումը, և այսօր մուսուլմանական այլ երկրներ նույնպես իսրայելական կողմի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել:
Հիմա Ադրբեջանի մասին, որը երբեք չի էլ թաքցրել Իսրայելի հետ իր համագործակցությունը և այն խորացնելու ցանկությունը: Առնվազն 90-ականներից Բաքուն սկսել է գործակցել իսրայելական կողմի հետ մի շարք ոլորտներում:
Տարոն Հովհաննիսյան (Ադրբեջանի հարցերի փորձագետ) - 2018-ից ունի առևտրային ներկայացուցչություն Իսրայելում, բայց մինչ այդ էլ՝ փաստացի 2007-2008 թվականներից, երկու մակարդակով շատ լուրջ խորացում է գնացել իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների՝ տնտեսական ու ռազմական:
Տարեկան մոտ 1 մլրդ դոլարի ադրբեջանական նավթ դեպի Իսրայել, գրեթե նույնքան սպառազինություն՝ հակառակ ուղղությամբ՝ դեպի Բաքու: Վերջին տարիների երկու երկրների միջև մի քանի մլրդ դոլարի սպառազինության ձեռքբերման և Ադրբեջանում համատեղ արտադրության պայմանագրեր են ստորագրվել: Սա ապացուցում է, որ այս երկրների միջև անգամ ոչ ֆորմալ, բայց դիվանագիտական հարաբերություններ կային: Ադրբեջանագետը բացատրում է, թե ինչն էր այսքան ժամանակ ադրբեջանական կողմին հետ պահում գնալ «հարաբերությունների օրինականացման»:
Տարոն Հովհաննիսյան - Դա պայմանավորված էր մի քանի գործոններով, այդ թվում՝ ընդհանուր իսլամական համերաշխության գործոնով, որը Ադրբեջանն օգտագործում էր արցախյան հիմնախնդրի շրջանակներում իր շահերը առաջ տանելու համար՝ մուսուլմանական երկրների աջակցությունը ստանալու համար, մյուս կողմից՝ Իրանի գործոնով պայմանավորված, որտեղ կային նաև այսպես կոչված բանավոր պայմանավորվածություններ Իրանի և Ադրբեջանի միջև ինչ-որ գծեր գծելու այս շրջանակներում:
Հիմա Իրանի հետ հարաբերությունները արդեն լարված են, Ադրբեջանում պետական մակարդակով հակաիրանական քաղաքականություն է վարվում, և իրանական գործոնն այլևս զսպաշապիկ չէ՝ պնդում է մասնագետը:
Հարաբերությունները ֆորմալ դաշտ տեղափոխելուն նպաստեց նաև Թուրքիայի ու Իրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:
Թեհրանի արձագանքը կոշտ էր. դեսպանության բացման որոշման հիմքում կան նաև հակաիրանական միտումներ:
Արմեն Պետրոսյան - Այս ամրապնդումը երկկողմ հարաբերությունների օգտագործվելու է Իսրայելի կողմից նախ Իրանի ներսում դեռևս շարունակվող ապակայուն իրավիճակն ավելի քաոսային դարձնելու, Իրանի դեմ իրականացվող տարբեր ռազմավարական ծրագրերի, այդ թվում՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի խրախուսման ուղղությամբ է օգտագործվելու, Հայաստան-Իրան սահմանի վերացման ուղղությամբ է օգտագործվելու, մինչև այժմ Իրանի նկատմամբ իրականացված թշնամական քաղաքականությունը ավելի խորացնելու նպատակով է իրականացվելու, Ադրբեջանի տարածքից Իրանի նկատմամբ հետախուզական-դիվերսիոն գործողությունները շարունակելու ուղղությամբ է օգտագործվելու և տարածաշրջանում, իրենց բնորոշմամբ՝ սիոնիստական ռեժիմի դիրքերն ավելի ուժեղացնելու նպատակով է օգտագործվելու:
Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Բաքուն ինչ-որ առումով պարտավորված էր գնալ նման քայլի՝ հաշվի առնելով, որ Իսրայելը վերջին շրջանում կանգնած է եղել Ադրբեջանի կողքին:
Արմեն Պետրոսյան - Չէ՞ որ անցյալ տարի դեռևս այս իրողությունները չկային, ես գնահատում եմ անգամ որպես պատասխան քայլ ադրբեջանական կողմից Իսրայելին 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերված համակողմանի օգնության, այսքան ժամանակ և նաև պատերազմի ընթացքում այդ անխափան ռազմական մատակարարումներին պատասխան, չի բացառվում նաև տեղում իսրայելցի մասնագետների կողմից հատկապես իսրայելական տեխնիկայի կառավարման հարցում ինչ-որ համագործակցության, քաղաքական աջակցության պայմաններում:
Թերևս պատահական չէր, որ դեսպանության բացման որոշումից հետո կողմերի միջև առաջին հեռախոսազանգը տեղի ունեցավ հենց պաշտպանության նախարարների մակարդակով:
Իսրայելում դեսպանության բացման որոշման նկատմամբ արաբական և մուսուլմանական աշխարհում հնարավոր բացասական արձագանքները կանխելու համար Բաքուն որոշել է դիվանագիտական ներկայացուցչություն բացել նաև Պաղեստինյան Ինքնավարությունում: