«Գտիր դրոշակը» մրցույթի մասնակիցներն ընդամենը 24 ժամ ունեն պայմանական հաքերային հարձակումը կանխելու համար: Նախ՝ պետք է խնդիրները լուծելով հավաքեն դրոշակներ, փորձությունները հաղթահարելով ձեռք բերեն կարևոր տեղեկություններ: Այս թիմի անդամների մի մասն ուսանողներ են, մյուսները՝ ոլորտում աշխատող փորձառու մասնագետներ:
Արտեմ Վարդանյան (Մրցույթի մասնակից) - Բնույթը հիմնականում ծրագրերի մեջ խոցելիություն գտնելն է, ու որպեսզի մենք ավելի լավ իմանանք ինչպես սարքենք ծրագրերը, որ խոցելի չլինեն: Թիմից 2-3 հոգի մնալու են գիշերը, որպեսզի բոլոր խնդիրները լուծենք ու ստանանք մրցանակը:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կիբերանվտանգության «Գտիր դրոշակը» մրցույթն անցկացվում է 2017 թվականից: 5-րդն այս տարի ունի ավելի քան 100 մասնակից Հայաստանի մարզերից, մասնակիցների շարքում նաև ռուս ծրագրավորողներ կան:
Արդյունքում ձևավորել է 20 թիմ:
Մարի Բարսեղյան («Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի CyHub Armenia նախաձեռնության ղեկավար) - Հիմնական նպատակը իրականում հետևյալն է՝ կիբերանվտանգության ոլորտում մեծացնել հետաքրքրությունը, լավագույններին միշտ հետո տեսնում ենք, և եթե լավ մասնակից կա, եթե աշխատանք չունի կամ հետաքրքրված է համագործակցել, մնացած բոլոր գործընկեր ընկերություններն էլ իրենց առաջարկում են աշխատանք կամ ինտերշիփի հնարավորություն:
Կիբերանվտանգությանը վերաբերող առաջադրանքները բարդության տարբեր աստիճաններ ունեն: Ավելի պարզ խնդիրները սկսնակներն են լուծում, բարդերը՝ ոլորտի փորձառուները: 5 հոգով միասին՝ թիմով կմտածեն ու կապացուցեն, որ իրական կյանքում հնարավոր կիբերհարձակումները առաջինը հենց իրենք կկանխեն, անհրաժեշտության դեպքում իրենք հարձակումը կնախաձեռնեն։
Թե ովքեր են լավագույնները, պարզ կդառնա 24 ժամ անց՝ կիրակի երեկոյան:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը լավագույն երեք թիմերին կընձեռի կիբերանվտանգության ոլորտում տարբեր հնարավորություններ, նաև՝ աշխատանք: