Վայրկյաններ առաջ ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի 20-րդ մրցույթը. հաղթեց Ֆրանսիայի պատվիրակ Լիսանդրոն՝ իր Oh Maman! երգով։ Քվեարկության արդյունքում Լիսանդրոն պրոֆեսիոնալ ժյուրիից ստացավ 127 միավոր, իսկ առցանց քվեարկության արդյունքում՝ 71 միավոր: Նա հաղթող դարձավ ընդհանուր 203 միավորով: Հայաստանի պատվիրակ Նարեն DANCE! երգով ժյուրիի և առցանց քվեարկության արդյունքում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ Ֆրանսիայի պատվիրակին զիջելով ընդամենը 23 միավորով:
«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթին մասնակցում էր 16 երկիր։ Հայաստանի պատվիրակը ելույթ ունեցավ 15-րդ համարի ներքո:
Ըստ մրցույթի քվեարկության կարգի, որն անցկացվում էր jesc.tv կայքում, մասնակից երկիրը առցանց քվեարկության միջոցով կարող էր ձայն տալ նաև իր պատվիրակին:
Քվեարկությունն ավարտվեց մրցույթի օրը՝ շոուից անմիջապես առաջ: Այն վերսկսվեց մրցույթի ընթացքում բոլոր ելույթներից հետո: Քվեարկությունը տևեց 15 րոպե:
Հայաստանի ժյուրիի կազմում էին պրոդյուսեր Դավիթ Բադալյանը, «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան, «Մանկական Եվրատեսիլ 2011»-ում Հայաստանի պատվիրակ Դալիթան, երգչուհիներ Brunette-ը և Նարե Էլիզբարյանը։