Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը նոր բարեփոխումների շեմին է:
2022-26 թվականների դատաիրավական ռազմավարությամբ այս օղակում 7 տարբեր միջոցառում է իրականացվելու: Սևը սպիտակին գրել, նախատեսել են՝ փոփոխություները պետք է բարձրացնեն աշխատանքի արդյունավետությունն, և որ ամենակարևորն է, քաղաքացին պետք է վստահի կառույցին:
Ռազմավարական նպատակներից բխող որոշ օրենսդրական փաթեթների մշակումն արդեն սկսված է, դրանցում ներգրավված ծառայության պետի օգնականը վստահեցում է՝ մարդիկ կզգան բարեփոխումները, որոնք աստիճանաբար ներդրվելու են մինչև 2024-ի ավարտը:
Էլինա Գեղամյան (ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական) - Կատարողական գործողություններն ավելի կարճ են տևելու, ավելի բարձր է լինելու կատարման արդյունավետությունը, և քաղաքացիների համար էլեկտրոնային գործիքների լայն հասանելիության միջոցով նրանց համար կանխատեսելի և հասանելի են լինելու իրենց կատարողական վարույթով իրականացվող գործողությունները:
Բյուրոկրատական քաշքշուկներից ազատվելու, հարկադիր-քաղաքացի շփումը պարզեցնելու համար տարեսկզբից գործող անձնական էլեկտրոնային գրասենյակի հնարավորություններն էլ ընդլայնվելու են՝ նշում է Գեղամյանը: Օնլայն հարթակը, ըստ մասնագետի, ավելի բաց ու ֆունկցիոնալ է դառնալու:
Էլինա Գեղամյան - Քաղաքացիները կկարողանան արդեն դիմումներ ներկայացնել, հետևել դիմումի ընթացքին, կկապվեն անձնական գրասենյակին:
Թվայնացման հարցերին հատուկ ուշադրություն է դարձվելու՝ որոշ ուղղություններով նվազեցնելով մարդկային միջամտությունը: Գլխավոր հարկադիր կատարողի օգնականի խոսքով՝ վարույթների բաշխումը հարկադիր կատարողների միջև տեղի կունենա հատուկ համակարգի միջոցով, ինչպես դատական գործերի դեպքում է, էլեկտրոնային գործիքակազմը կկիրառվի նաև պարտապանների հաշիվներին կալանք դնել-հանելու գործում:
Էլինա Գեղամյան - Օրինակ՝ բռնագանձված գումարների բաշխումն ու դրամական միջոցների ապաարգելադրումը նախատեսվում է իրականացնել ավտոմատ եղանակով: Այս համակարգն արդեն ներդրվել է և որոշ առևտրային բանկերի հետ հարաբերություններում արդեն գործարկվել, և քաղաքացու՝ վճարումը կատարելուց հետո՝ առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բանկային հաշիվներում առկա դրամային միջոցները կապաարգելադրվեն, և այդպիսիով կապահովվի հնարավորինս արագ, առավելագույնս սեղմ ժամկետում կատարողական վարույթի և ընթացքի լուծումը, և քաղաքացներին այս առումով հնարավորիս քիչ անհարմարության կպատճառվի:
Ծառայության նոր մոդել կստեղծվի: Էլինա Գեղամյանը դեռ չի մանրամասնում, թե ինչ մեթոդաբանություն կգործի, ասում է՝ հնարավոր է լինեն մասնագիտացված, հատուկ պատրաստվածություն ունեցող ստորաբաժանումներ, որոնք կզբաղվեն հատուկ գործերով: Կառույցում մտադիր են՝ որակյալ կադրեր էլ ներգրավել:
Էլինա Գեղամյան - Ծառայության բարեփոխումների մի ստվար զանգված ուղղված է հարկադիր կատարողի պաշտոնի գրավչության բարձրացմանը, որ հնարավորություն ունենանք մասնագիտական բարձր պատրաստվածությամբ կադրեր ներգրավենք թե՛ ընդհանուր սոցիալական երաշխքիների ընդլայնման, թե՛ վարձատրության արդյունքահեն համակարգի միջոցով:
Հարկադիր կատարողների ամսական աշխատավարձը, ըստ Գեղամյանի, 100-150 հազար դրամի սահմանում է:
Աշխատանքի բարձր որակն ապահովելու համար սեպտեմբերից նոր պիլոտային ծրագիր է ներդրվել՝ պարգևատրման նոր համակարգով՝ հատուկ առաջադրանքների կատարման համար: Արդարադատության նախարարության խորհրդականի խոսքով՝ միավորներով գնահատում են կատարողականների արդյունավետությունը, որից էլ ուղիղ ձևավորվում է պարգևատրման չափը:
Արտյոմ Սուջյան (ՀՀ արդարադատության նախարարության խորհրդական) - Արդեն այս մեկ-երկու ամսվա ընթացքում մենք զգացել ենք, որ բարձրանում է կատարողական վարույթների արդյունավետությունը, և հարկադիր կատարողներն իրենք միտված են լինում ավելի շատ գործողություններ իրականացնել, առավել տքնաջան աշխատել:
Նոր բաղադրիչի կիրառության արդյունավետությունը դեռ պետք է գնահատեն՝ նշում է Սուջյանը: Վստահեցնում է՝ իրենց մշտական վերահսկողության ներքո է ծառայողների աշխատանքի որակը:
Նախարարության տվյալով՝ տարեսկզբից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ 15 հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, 3-ն ազատվել են աշխատանքից՝ մեկ մարզային բաժնի պետ, 2 ավագ հարկադիր կատարող: 3 աշխատակցի նկատամբ էլ կարգապահական տույժ է կիրառվել դիմում- բողոքների ուսումնասիրության արդյունքում: