12 կողմ և 8 դեմ ձայների հարաբերակցությամբ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Կարինե Հարությունյանը: Մյուս թեկնածուն Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն էր:
Բուհի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում միայն ռեկտորի ընտրության հարցն էր, անցավ դռնփակ: Ավարտից հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ժաննա Անդրեասյանը ստիպված եղավ արդյունքները ներկայացնել գոռգոռոցների տակ: Ռեկտորի գլխավոր խորհրդական Գրիշա Թամրազյանը հեռակա հայհոյում էր նախարար Վահրամ Դումանյանին:
Նիստի ընթացքում ու դրանից հետո էլ կրթության նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանը միջանցքում աչքի էր ընկնում ակտիվությամբ: Գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը բուհի թեկնածուն էր, և այստեղ սպասում էին նրա հաղթանակին: Նրանք միասին էին պայքարում Բրյուսովի անվան համալսարանը Մանկավարժական համալսարանին ու Ֆիզկուլտուրայի ինստիտուտին միավորելու նախարարության ծրագրի դեմ:
Բարձրագույն ուսումնական հաստատության հոգաբարձուների խորհրդի 50 տոկոսը Կառավարության ու նախարարության, 50 տոկոսը՝ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչներ են:
Կարինե Հարությունյան (Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր) - Ես կարծում եմ, որ արդար և անաչառ ընտրությունը ապահովվեց, որ անցկացվի խորհրդի կողմից:
Մեկնաբանելով խորհրդականի պահվածքը՝ վերընտրված ռեկտորը ասաց.
«Ուրախություն էր երևի, ընդամենը: Մարդկանց էմոցիաները... լարված էին մարդիկ, էմոցիաներն էլ՝ շատ»:
Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է անցկացրել Բրյուսվի անվան համալսարանում: Կարինե Հարությունյանը վստահեցրեց՝ չարաշահումների մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:
Կարինե Հարությունյան - Մենք երեկ ենք ստացել պետական վերահսկողական ծառայության տեղեկանքը ստուգումների մասին, և շատ մանրամասն հինգ օր ժամանակ ունենք, որպեսզի արձագանքենք, արձագանքելու ենք հատ-հատ բոլոր կետերին, որ գրված են: Ուսումնասիրության ընթացքում էլ մենք ունեցել ենք անհամաձայնություն ՊՎԾ հետ, այսօր էլ ունենք, մենք մեր տեսակետը հիմնավոր կներկայացնենք:
Ռեկտորի ընտրության արդյունքները, գործող կարգի համաձայն, առաջիկայում պետք է հաստատվեն Կառավարության նիստում:
Հեղինակ` Աննա Զախարյան